«Աննա Հակոբյանն զբաղված է իրական հարցերի լուծմամբ և թեմաներին «իտոգ» տալով». Վլադիմիր Մարտիրոսյան
144
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 20:48
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բացատրեմ հայերեն բառերով: Վերջին երկու տարեց ՔՊ-ականների քաղաքական «մատաղը» դիտարկեք որպես կանխարգելիչ կրակոց շարքերում՝ ներքին ճակատամարտից առաջ: ՔՊ-ի քաղաքական Հայաստանում, որը ունի երեք հասցե՝ ՔՊ, Փաշինյան Նիկոլ, Աննա Հակոբյան, ձևավորվել է հետևյալ իրավիճակը: 1. ՔՊ-ն և ՔՊ-ամերձ շրջանակները, որ բաղկացած են շուրջ 200-250 հոգուց, որոնք ամենաշատն են շահագրգռված Փաշինյանի իշխանության պահպանմամբ, բայց գտնվում են ֆինանսական ռեսուրսների և ներիշխանական ազդեցության կատաղի մրցակցության մեջ միմյանց միջև, սկսել են բաց և փակ ռեժիմներով խորը խնդիրներ ստեղծել Փաշինյանի իշխանության համար: Եվ սա դեռ սկիզբն է: 2. Փաշինյանն ընդամենը զբաղվում է այդ խորը խնդիրների շեղմամբ, կոծկմամբ, մասամբ սաստմամբ և հանրային ինֆորմացիոն նարատիվների մշակմամբ և ներդրմամբ: Ապացույցն այն է, որ երկրի դե ֆակտո ղեկավարն օրական 12-13 նյութ, պոստ, ստատուսով է կիսվում միայն իր Facebook-ի սեփական օգտահաշվով: Մնացած ժամանակը զբաղված է սոցիալ-քաղաքական-աղանդավորական քարոզով՝ որտեղ հնարավոր է: 3. Աննա Հակոբյանը զբաղված է իրական հարցերի լուծմամբ և թեմաներին «իտոգ» տալով: Ապացույցը «Կրթվելը նորաձև է» փաթեթավորման ներքո ՔՊ-ին կամ New ՔՊ-ին նախընտրական նոր մարդկային-կադրային ռեսուրսով մատակարարելու ծրագիրն է՝ անձամբ քասթինգներ անցկացնելուց հետո: Ո՞վ է այս երկրի իրական և խորքային ղեկավարմամբ զբաղվողը: Կա երեք տարբերակ: 1. Փաշինյանի համար պրոբլեմներ, թեմաներ ու խնդիրներ ստեղծողները՝ ի դեմս 200-250 հոգու, 2. Պրոբլեմներին, թեմաներին ու խնդիրներին տեսք ու ձև տվող Փաշինյանը, 3. Պրոբլեմներին, թեմաներին ու խնդիրներին (այդ թվում նաև Փաշինյանի կողմից ստեղծվող խնդիրներին) իրական կուլիսային լուծումներ ու իտոգներ տվող Հակոբյանը: Վերը նշված 200-250 հոգին, եթե քաղաքականության մասին պրիմիտիվագույն պատկերացումներ ունեն, պետք է, որ հասկանան, որ խիստ ժամանակավոր է իրենց նշանակությունն ու կարևորությունը այս իշխանության համար: Ավելին, նրանք բացարձակ գին, էլ չեմ ասում՝ քաղաքական արժեք չունեն ամեն բանի պատրաստ հայտնի քաղաքական զույգի համար: P.S. New ՔՊ-ի քասթինգն սկսված է, իսկ ՔՊ-ից խնդիրներ ստեղծողներ դեռ շատ են լինելու, որքան էլ դրանք բիրտ ձևով պատժվեն»: