Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում». Հակոբ Բադալյան

117
Երեկ, 13:42
«Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եթե Հայաստանը հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, որոնք խորհրդապահական են բոլոր դեպքերում, անգամ ժամկետներից անկախ, դրանով կհայտնվի շատ անլուրջ վիճակում:

Սա իմ սուբյեկտիվ գնահատականն է: Իհարկե, Հայաստանն արդեն իսկ անլուրջ վիճակում է հայտնվել այն «բանավեճի» հետևանքով, որ հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հարցում, Արցախի կորստի համար իր պատասխանատվությունից խուսանավելու մոտիվով: Խոսքը լոկ վերջին օրերի մասին չէ, այլ գործնականում 44-օրյա պատերազմին հաջորդող շրջանին:

Անլրջությունն այն է, որ, նախ այդ քննարկումները և հանրայնացումները ունեն զրո օգտակարություն և ցանկացած պարագայում ընդամենը օգնում են բոլոր նրանց, ովքեր ունեն Հայաստանի հանրությանը իրական պետական «վերականգնողական» օրակարգերից շեղելու շահագրգռություն, լինեն դրանք ներքին, թե արտաքին շահառուներ:

Երկրորդ, անլրջությունն այն է, որ այդ պայմաններում որևէ լուրջ տերություն Հայաստանին չի կարող դիտարկել գործընկեր: Եվ դա այդպես է արդեն հենց վերը նշածս ժամանակահատվածից ի վեր: Հայաստանն այդ պարագայում կարող է դիտարկվել գործիք: Եվ, ցավոք սրտի, այսօր առավել ևս դիտարկվում է այդպիսին:

Ինչպե՞ս կարող է փոխվել այդ իրավիճակը: Տեսականում, փոփոխության հեռանկար հնարավոր է, եթե Հայաստանի ներսում ձևավորվի ընդհանուր պատկերացումներ և շոշափելի ռեսուրսներ ունեցող մարդկանց խումբ, համակարգ, որը կարող է դնել իսկապես ռազմավարական նպատակներ, մշակել դրանց հասնելու ճանապարհային քարտեզ, ու միաժամանակ՝ չդնել իշխանության գալու խնդիր:

Գուցե հնչի տարօրինակ, բայց, այո՝ Հայաստանում այդ որակական փոփոխության համար թերևս շատ կարևոր է իշխանության չգալու, այլ իշխանություն ձևավորելու խնդիրը: Մասնավորապես՝ մտքի և արժեքների իշխանություն, որոնք բնականաբար ուղեկցվում են հանրությանը ներկայացվող շատ առարկայական ծրագրային պատկերացումներով, թե ինչ ու ինչպես պետք է փոխվի կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Ընդ որում, երբ խոսում եմ իշխանության չգալու, այլ իշխանություն ձևավորելու խնդիր դնելու մասին, դա վերաբերում է օրինակ թեկուզ 5 կամ 8 տոկոսով խորհրդարան մտնելու խնդրին: Իշխանություն ձևավորելու համար պետք է հրաժարվել նաև այդօրինակ նպատակներից:

Հայաստանում այսօր հնարավոր չէ իրապես այլ որակով ու մտածողությամբ լուծել այդպիսի հարց անգամ, առանց գոյություն ունեցող համակարգի հետ սերտ կոմպրոմիսների: Իսկ կոմպրոմիսը ըստ էության ռազմավարական իմաստով նշանակելու է «կոմպրոմատ», այդ բառի բնականաբար ոչ ուղիղ, բայց ազդեցիկ իմաստով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան