Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան

134
Երեկ, 18:42
«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Սանկտ-Պետերբուրգում կայացած ԵՏՄ գագաթնաժողովի ընթացքում «բանավեճ» է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի հաջորդ տարի Մինսկում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու, այլ կմասնակցի հեռավար:

Լուկաշենկոն հարցրել է պատճառը և հեգնել, թե արդյո՞ք պատճառը տրանսպորտային կամ տոմսային խնդիրներ են, իրենք կօգնեն, եթե պետք է: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է, որ ինքն այդ առնչությամբ իր որոշման մասին հայտարարել է ավելի վաղ: Լուկաշենկոյի արձագանքին, թե իրենք կդիտարկեն այդ հայտարարությունը, Փաշինյանը պատասխանել է, որ այն ենթակա չէ դիտարկման:

Իսկ խոսքը այն մասին է, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հայկական ոչ մի պատվիրակություն այլևս չի մեկնի Մինսկ: Դա կապված էր Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունների հետ, որ նա կատարել էր Բաքու այցի ընթացքում:

Ինչ խոսք, իրավիճակն այդ կետին է հասել անկասկած Հայաստանի վարչապետի ոչ հասուն քաղաքականության հետևանքով:

Սակայն, այստեղ հարցը հայ հանրության դաշտում է, իսկ Լուկաշենկոն՝ անկախ այդ ամենից, անշուշտ զազրելի և երկդիմի անձնավորություն է, որը պատրաստ է տեղավորվել Իլհամ Ալիևի համապատասխան տեղում, այդ թվում Հայաստանի հանդեպ որոշակի հայտարարությունների հաշվին: Իհարկե Լուկաշենկոն այդ «տեղում» տեղավորվում է իր հաշվարկներից ելնելով, և գուցե Բելառուսի ու իր տեսանկյունից դրանք արդարացի հաշվարկներ են: Դա իմ, մեր գործը չէ:

Մեր գործը դառնում է այն, որ Լուկաշենկոն շատ վաղուց իր այդ հաշվարկները փորձում է իրականացնել կամ սպասարկել նաև Ալիևի ականջներին հաճո հակահայաստանյան հայտարարություններով:

Ինչպես գնահատել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, դա իհարկե Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է: Բայց, Լուկաշենկոյի պահվածքի առնչությամբ, Հայաստանի դեմարշը որոշակիորեն արդարացված է ու հիմնավոր: Լուկաշենկոն կարծում եմ բավարար բանականություն ունի, հասկանալու համար, որ այստեղ Հայաստանի և հայ հանրության հանդեպ վերաբերմունքի հարցն է, երբ նա հեգնում է Հայաստանի վարչապետին: Ըստ այդմ, Ալիևի համապատասխան «տեղում» ավելի հարմար տեղավորվելու նկատառումը որևէ կերպ չի կարող Լուկաշենկոյին արդարացնել «մատի և մատանու» արանքում խաղեր տալու առումով»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան