Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ցանկացած հայտարարություն, թե Ադրբեջանը գործել է միջազգային իրավունքի կամ սկզբունքի հիման վրա, հակապետական է»․ Հակոբ Բադալյան

58
Այսօր, 15:30
«Ցանկացած հայտարարություն, թե Ադրբեջանը գործել է միջազգային իրավունքի կամ սկզբունքի հիման վրա, հակապետական է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Իմ ասածն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա Ադրբեջանն իր գործողություններն իրականացրել է իր տարածքում»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահը՝ փորձելով «բացատրել» Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի միջազգային լեգիտիմության մասին «Ազատության» եթերում արած իր հայտարարությունը:
Մինչդեռ, «բացատրությունը» որևէ կերպ՝ մեղմ ասած ավելի հաջող չէ, քան բուն հայտարարությունը:
Ադրբեջանական ագրեսիայի հիմքում չի եղել միջազգայնորեն ճանաչված որևէ սկզբունք: Միջազգայնորեն ճանաչված որևէ սկզբունք որևէ ուժային գործողության լեգիտիմ հիմք է մի պարագայում՝ ինքնապաշտպանության:
Ադրբեջանը չի ունեցել ինքնապաշտպանվելու որևէ անհրաժեշտություն, որովհետև չի եղել որևէ ուժային սպառնալիք: Ավելին, եղել է միջազգայնորեն ճանաչված հակամարտության գոտի, որի հանդեպ միջազգային վերաբերմունքը պարփակվել է միջազգային հանրահայտ երեք սկզբունքի շրջանակում՝ տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշում, ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄ ԵՒ ԿԱՄ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ բացառում:
Բացարձակապես որևէ կապ չունի՝ Հայաստանը ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, թե ոչ: Բացարձակապես որևէ կապ չունի՝ Հայաստանը որևէ թվականին որևէ օրենք ընդունել էր պետական սահմանի վերաբերյալ, թե ոչ:
Ադրբեջանն ինքը ճանաչել է այդ սկզբունքները, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմք: Ավելին, Հայաստանի հետ անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, Ադրբեջանն ինքը այդ Խորհրդի կանոններին համահունչ պարտավորվել է հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:
Ադրբեջանը Արցախի հանդեպ ոչ միայն չի ունեցել ագրեսիայի որևէ միջազգայնորեն լեգիտիմ հիմք, այլեւ հակառակը՝ Արցախի դեմ ագրեսիայով ինքն է խախտել միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն ու իր իսկ պարտավորությունները:
Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություն, թե Ադրբեջանը գործել է միջազգային որևէ իրավունքի կամ սկզբունքի հիման վրա, պարզապես հակապետական է: Եվ սա բացարձակապես զգայական գնահատական չէ: Հակապետական է, որովհետև այդօրինակ հայտարարությունները ոչ միայն արդարացնում են ադրբեջանական ագրեսիան, այլ նաև Ադրբեջանին տալիս են Հայաստանի հանդեպ իրավաքաղաքական ճնշումների նորանոր առիթներ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան