Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պետք է լուծվի նախարարության և մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցը»․ Նիկոլ Փաշինյան

249
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 23:00
«Պետք է լուծվի նախարարության և մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

Կարևորելով սպորտի բնագավառի զարգացումը՝ վարչապետն ասել է, որ այն առնչվում է մեր ապրելակերպին, պատկերացրած հարաբերություններին: «Այստեղ առաջին հերթին խոսքը գնում է մարդկանց առողջ ապրելակերպի քարոզի, դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասավանդման որակի, և ընդհանրապես մեր ֆիզիակական կուլտուրայի ոլորտում վարած քաղաքականության մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարաբերությունների մեջ են սպորտը և հանրակրթական դպրոցները, մարզական ենթակառուցվածքները: Մասնավորապես, հարցը հետևյալն է՝ արդյոք մենք պետք է ունենանք հանրակրթական դպրոցների մարզական ենթակառուցվածքներ, միևնույն ժամանակ, մարզադպրոցներ: Այժմ այդ մարզական ենթակառուցվածքներն ինչպե՞ս են օգտագործվում, ի՞նչ նպատակներով, ի՞նչ հիմունքներով: Եվ այս հարցի հիմքում մենք կանխավարկած չենք դնում, դա իսկապես շատ լուրջ ուսումնասիրության խնդիր է: Իհարկե, հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի՝ նախարարության և մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցն է, կառավարության և ֆեդերացիաների հարաբերությունների հարցը. այստեղ էլ մի քանի մոդելների վերաբերյալ առաջարկություններ կան, և դրանք պետք է քննարկվեն այնպես, որպեսզի նաև կարողանանք սպորտի բնագավառում լավագույն ավանդույթները ոչ միայն շարունակել, այլև հաջողություններ ունենալ, որովհետև կարծում եմ՝ մեծ սպորտում ունեցած հաջողությունները նաև իրենց շատ ուղիղ ազդեցությունն են ունենում ոչ միայն երիտասարդների, պատանիների, այլև ընդհանրապես հանրության ընկալումների վրա»,- ասել է Փաշինյանը։