Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

ՀՕՖ-ը Երեխաների թերսնուցման և դրա հետևանքով առաջացող զարգացման խնդիրները թեմայով համաժողով անցկացրեց   

800
Հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ., 23:30
ՀՕՖ-ը Երեխաների թերսնուցման և դրա հետևանքով առաջացող զարգացման խնդիրները թեմայով համաժողով անցկացրեց   

Այսօր Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Երեխաների թերսնուցման և դրա հետևանքով առաջացող զարգացման խնդիրները թեմայով համաժողով էր կազմակերպել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Երեխաների թերսնուցման և դրա հետևանքով առաջացող զարգացման խնդիրները կազմակերպության ուշադրության կենտրոնում են 2011թվականից։ 2013 թվականին, մեկնարկելով Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում (ԱՀՏՄ) բազմաբաղադրիչ ծրագիրը, ՀՕՖ-ը դրա բաղադրիչներից մեկն ուղղել է նախադպրոցական տարիքի երեխաների սնուցման և առողջության բարելավմանը՝ թիրախ ընտրելով Տավուշի մարզի Բերդ քաղաքն ու հարակից 14 գյուղական համայնքները:

Համաժողովին ներկայացվեց, թե որքանով է կարևոր երեխաների սնուցումը որևէ երկրի տնտեսության զարգացման ու հանրային առողջապահության համար, փորձագետները խոսեցին Հայաստանի ու միջազգային փորձի մասին, դիտարկեցին առկա իրավիճակը, ՀՕՖ-ի ներկայացուցիչները ներկայացրին ԱՀՏՄ-ի արձանագրած հաջողություններն ու հաղթահարած և առաջիկա մարտահրավերները, ծրագրի հեռանկարները։

ՀՕՖ-ի առողջապահական և սոցիալական հարցերի պատասխանատու Վահե Քրմոյանը ներկայացրել է, որ ԱՀՏՄ ծրագրի առողջապահական ծրագրի շրջանակներում հիմնովին կամ մասնակի վերանորոգվել է Բերդի տարածաշրջանի 7 մանկապարտեզ, վերնորոգվել ու վերազինվել է 5 մայրական սենյակ; բալանսավորված սննդի տրամադրման ծրագրում ընդգրկված է 16 մանկապարտեզ։

«Մայրիկները խուճապի չեն մատնվում, մայրիկները ժամանակին են երեխաներին տանում բուժզննության, մայրիկները մանկապարտեզներից բաղադրատոմսեր են ուզում, քանի որ երեխաները պահանջում են պատրաստել նույն աղցանից կամ ապուրից, - ԱՀՏՄ արդյունքներն է ներկայացրել ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի համակարգող Վալյա Ապրեսյանը: - Մեր նպատակներից մեկը եղել է նաև վարքագծի մոտեցումները փոխելը և այս ամենը մեր հեռահար նպատակների իրականացման առաջին պտուղներն են»:

ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը տեղեկացրել է, որ ծրագիրը շարունակվելու է ևս հինգ տարի ու ընդգրկելու է Բերդի տարածաշրջանից դուրս գտնվող գյուղեր․ «Մենք փորձում ենք այնպես անել, որ ծրագրի ավարտից հետո էլ մեր ներդրած մոդելները աշխատեն, որպեսզի համայնքի ղեկավարները շարունակեն երեխաներին նույն կերպ կերակրել, որպեսզի համագործակցությունը ծնողների ու գյուղերի բուժաշխատողների միջև շարունակվի»։

Սնուցման կարևոր հարցերի վերաբերյալ ելույթ են ունեցել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու սնուցման ինստիտուտի պրոֆեսոր Կիմ Հեքիմիանն ու Մուրացան համալսարանական մանկական կլինիկայի մանկաբույժ, «Վստահություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը։

Համաժողովին մասնակցում էին մարզի առողջապահության ներկայացուցիչները առողջության առաջնային պահպանման օղակներից, նախակրթական հաստատությունների ղեկավարները, համայնքապետերը, մարզպետարանի առողջապահության, կրթության և տարածքային կառավարման պատասխանատուները, մարզում գործող ՀԿ-ները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։