Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.

Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին

97
Երեկ, 23:43
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին

Ամերիկահայ ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «10 Years On: The Yazidi Genocide» («10 տարի անց. եզդիների ցեղասպանությունը») վավերագրական ֆիլմը Կանադայում կայացած Forest City Film Festival կինոփառատոնում արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» (Best Documentary Feature) մրցանակին։ Այս մասին ռեժիսորը հայտնել է Instagram-ի իր էջում: Կինոնկարի ցուցադրությունը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։

Ֆիլմը պատմում է 2014 թվականին Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված եզդիների ցեղասպանության և գերությունից ու սեռական ստրկությունից փրկված կանանց ճակատագրերի մասին։ Կինոնկարի կենտրոնում գրոհայինների գերության մեջ հայտնված Ֆաիզա Քասիմի և Լամիա Հաջի Բաշարի պատմություններն են. ֆիլմը ներկայացնում է նրանց ազատագրումն ու բնականոն կյանքին վերադառնալու փորձերը։

Հայաստանը եզդիների ցեղասպանությունը ճանաչել է 2018 թվականի հունվարին։ Համաձայն 2022 թվականի մարդահամարի տվյալների՝ երկրում բնակվում է շուրջ 31 հազար եզդի. նրանք Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական տաճարներից մեկը, որը բացվել է 2019 թվականին։

Բարեդ Մարոնյանը ամերիկահայ վավերագրող է, տարածաշրջանային «Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր և Armenoid Productions կինոընկերության հիմնադիրը։ Իր աշխատանքներում նա անդրադառնում է պատմական իրադարձություններին, ցեղասպանություններին, մարդու իրավունքների խախտումներին և բռնությունից տուժած համայնքների ճակատագրերին։

Նրա հայտնի կինոնկարների թվում են «Ցեղասպանության որբերը» (Orphans of the Genocide), «1915-ի կանայք» (Women of 1915) և «Ցեղասպանություն 2.0. էթնիկ զտումներ Արցախում» (Genocide 2.0: Ethnic Cleansing in Artsakh) ֆիլմերը:

Վերջինս 2026 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում կայացած Chagrin Documentary Film Festival կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «Լավագույն սոցիալական թեմատիկայով վավերագրական ֆիլմ» (Best Social Awareness Documentary) անվանակարգում: