«Մեր կրած պարտությունների արդյունքում տարածքային կորուստների մեղքը մի բարդեք պարսիկների ու թուրքերի վրա». Թաթուլ Հակոբյան
44
Այսօր, 22:06
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղջկական մտորումներ Հայաստանի պատմության կեղծիքներից մեկը, որ օրերս կրկին աչքով ընկավ այն է, թե իբր Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունեցել է այն բանից հետո միայն, երբ 1920-ական թթ վերջերին Թուրքիայի և Իրանի միջև տեղի է ունեցել տարածքային փոխանակում: Իրականությունը հետևյալն է. Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունեցել է 1920 թվականի նոյեմբերից, երբ հայ-թուրքական պատերազմում մենք կրեցինք պարտություն: Ուրեմն, թուրքերը 1920թ. գրավեցին Սուրմալու-Իգդիրը, որը Երևանի նահանգի գավառներից էր, իսկ նույն տարվա Ալեքսանդրապոլի դաշնագրով նրանց վերահսկողության տակ անցավ նաև Նախիջևանի Շարուրի հատվածը: Երևանի նահանգի սահմանը Նախիջևանի հետ հասնում էր մինչև Գայլի դրունք՝ Волчьи ворота: Թուրքերը վերահսկողություն հաստատեցին այդ տարածքում և ավելի հյուսիս՝ մինչև այսօրվա Սուրենավանի կողմերը: Հետո նրանք մի քիչ զիջում արեցին, բայց այնպես, որ Գայլի դրունքը մնա իրենց, ինչը հնարավորություն տվեց քեմալականներին սահման ունենալ Նախիջևանի հետ, քանի որ արդեն գրավել էին Իգդիր-Սուրմալուն: Սա է պատմությունը ու վերջ: Վերջ տվեք կեղծարարությանը և մեր կրած պարտությունների արդյունքում տարածքային կորուստների մեղքը մի բարդեք պարսիկների ու թուրքերի վրա: Կամ գոնե մի անգամ կարդացեք Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերը: Թ. Հ. 18-ը նոյեմբերի, 2026թ, Դովեղ»: