Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան

38
Այսօր, 21:30
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան

Օգտատեր Հասմիկ Ղազարյանն ահազանգում է. «Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի, իսկ պատճառը մեկն է՝ չի գործում օրենքով սահմանված ստերջացման ծրագիրը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքները պարտավոր են իրականացնել թափառող կենդանիների ստերջացում և պատվաստում։ Բայց իրականությունն այն է, որ Չարենցավանում երկու ամիսը մեկ շների քանակը կրկնապատկվում ու եռապատկվում է, փողոցներում հայտնվում են նոր ծնված ձագերի խմբեր։ Սա ուղիղ ապացույցն է այն բանի, որ ստերջացում կա՛մ ընդհանրապես չի արվում, կա՛մ արվում է ձևական։
Արդյունքում տուժում են բոլորը՝ և՛ բնակիչները, որոնց անվտանգությունն է վտանգվում, և՛ այդ կենդանիները, որոնք դատապարտված են փողոցային դաժան կյանքի։
Ակնկալում ենք Չարենցավանի համայնքապետարանի հստակ պարզաբանումն ու իրական քայլերը՝ օրենքի պահանջը կատարելու ուղղությամբ։
Իսկ այն մարդկանց, որոնք հայտնվելու են իմ էջում և սրտաճմլիկ մեկնաբանություններ են գրելու, ասեմ, որ շատ հաճախ իրական հոգածությունը շփոթում են կույր համակրանքի հետ։
Եթե բարձրաձայնում ես փողոցներում հայտնված անօթևան կենդանիների, անվտանգության կամ քաղաքային միջավայրի լուրջ խնդիրների մասին հարցեր, դա բնավ չի նշանակում, թե սիրտդ քարացել է։ Ընդհակառակը՝ հենց նրանց հանդեպ ցավի ու անհանգստության զգացումն է, որ թույլ չի տալիս լռել։
Քաղաքը պետք է հարմար ու անվտանգ լինի բոլորի համար՝ մարդկանց, որոնք քայլում են փողոցներով, և կենդանիների, որոնք չպետք է սոված ու անպաշտպան թափառեն ասֆալտին»։