Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Ովքեր մեզ են ընտրել, մեզ չեն լիազորել, որ կողմ քվեարկենք ալիևյան սահմանադրությանը»․ Աննա Գրիգորյան

67
Այսօր, 21:06
«Ովքեր մեզ են ընտրել, մեզ չեն լիազորել, որ կողմ քվեարկենք ալիևյան սահմանադրությանը»․ Աննա Գրիգորյան

«Սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է»,- այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա միցրեց նախընտրական շրջանի մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ՔՊ–ն չստանա սահմանադրական մեծամասնություն, աղետաբեր պատերազմ կլինի։

«Ինչպես տեսնում եք՝ ժողովուրդը սահմանադրական մեծամասնություն չի տվել և սա փաստացի ահաբեկման գործընթաց էր. «Դուք նախընտրական շրջանում գնացել եք ժողովրդի մոտ և նման աներկբա տեքստերով հաղորդակցվել եք ժողովրդի հետ, ասել եք՝ մեզ ձայն պիտի տաք, որպեսզի մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն: Սահմանադրական մեծամասնություն ի՞նչ անելու համար, բնականաբար Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար։ Չեք ստացել դա: Եվ երբ դուք ասում եք՝ մենք տեքստի հրապարակումից հետո կգնանք ընդդիմադիրների հետ կխոսենք, կհամոզենք, պարզ տրամաբանությունը չեք ընկալում, որ այդ համոզելու սուբյեկտը ընդդիմադիր պատգամավորը չի, համոզելու սուբյեկտը ժողովուրդն է եղել և դուք նրանց չեք համոզել։ Այն մարդիկ, ովքեր մեզ են ընտրել, մեզ չեն լիազորել որ մենք կողմ քվեարկենք ալիևյան սահմանադրությանը։

Ոչ էլ այն իրողությունը պետք է լինի, որ յուրաքանչյուր ադրբեջանական պահանջ բավարարելու համար տարին մեկ մեր ժողովուրդը անցնի այն ցնցումների միջով, որ ընտրական պրոցես է կոչվում։ Այսինքն այնպես չի, որ մեր ժողովրդին պետք է ցնցումների ամեն անգամ ենթարկել ադրբեջանական պահանջ կատարելու համար»,- նշեց Գրիգորյանը։

«Ովքեր մեզ են ընտրել, մեզ չեն լիազորել, որ կողմ քվեարկենք ալիևյան սահմանադրությանը»․ Աննա Գրիգորյան