Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

«Չկա մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայ ժողովրդի հասցեին»․ Տաթևիկ Հայրապետյան

53
Այսօր, 16:42
«Չկա մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայ ժողովրդի հասցեին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը վերջին շրջանում ակտիվացել է ելույթներով հանդես գալու հարցում։ Երեկ էլ Բաքվում հերթական ֆորումի ժամանակ իր ելույթում օգտագործել է ատելության և թշնամանքի լեզուն։ Չկա մի ելույթ կամ թեմա, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին։ Ստորև ներկայացնում եմ մի քանի հայտարարություն, որոնք թարգմանել եմ բառացի։
- «Մենք պաշտպանեցինք ինքներս մեզ։ Մենք հաղթեցինք թշնամուն։ Մենք ազատագրեցինք մեր տարածքները, որոնք 30 տարի գտնվել էին հայկական օկուպացիայի տակ։ Մենք վերականգնեցինք արդարությունը։ Մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։
- «Հայաստանը օկուպացրել էր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 20 տոկոսը, վարել է էթնիկ զտումների քաղաքականություն, որի հետևանքով մեկ միլիոն ադրբեջանցի տեղահանվել է իր պատմական հողերից, ոչնչացրել է մեր կրոնական և պատմական հուշարձանները, այդ թվում՝ Ղարաբաղի 65 մզկիթները, սակայն պատժամիջոցների չի ենթարկվել և չի պատժվել»։
- «Հայաստանի ռազմական ագրեսիայի և օկուպացիայի տարիներին, ինչպես նաև Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, բոլոր էթնիկ խմբերի և բոլոր կրոնների ներկայացուցիչները կռվել են որպես մեկ միասնական «Երկաթե բռունցք»։ Այն, ըստ էության, մեր հաղթանակի խորհրդանիշն էր։ Նրանք պայքարել են մեր ինքնությունը պաշտպանելու, արդարությունը և մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։
Եթե ոմանք սա կարող են գնահատել որպես Ալիևի ստանդարտ տեքստեր և հռետորաբանություն, ապա ես սա դիտարկում եմ ատելության ու թշնամանքի քարոզչության շարունակականության համատեքստում, ինչը, ինքնին, հակասում է իրական խաղաղության մասին խոսակցություններին»։