Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազնին

85
Այսօր, 14:48
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի այցը Հայաստան և կարևորել Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի այս տարվա մրցանակաբաշխության արարողությունը մեր երկրում անցկացնելը։ «Սա մեզ համար շատ լավ ու հաճելի նորություն է։ Մենք գիտենք, որ այն շատ հեղինակավոր մրցանակ է, և այս երեկո ես նույնպես կմասնակցեմ այդ արարողությանը, ինչը մեծ պատիվ է ինձ համար։ Գիտեք, որ Հայաստանում ընթանում է COP17-ը։ Կենսաբազմազանության ու կայունության հարցերը դառնում են ավելի ու ավելի կարևոր մեզնից յուրաքանչյուրի համար։ Հուսով եմ, որ միջազգային համագործակցության շնորհիվ մենք ի վիճակի կլինենք ինչ-որ լուծում գտնել այս գլոբալ խնդրին։ Բարի գալուստ, կուզենայի լսել Ձեր տպավորությունների մասին և Ձեր գնահատականը ներկայիս իրավիճակին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը նշել է․ «Սա վերջին երկու տարվա ընթացքում իմ երկրորդ այցն է Հայաստան։ Անկեղծ ասած, ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ցանկություն է առաջանում կրկին այցելել։ Փորձում եմ այնպես անել, որ իմ կինն ու ընտանիքը նույնպես այցելեն Հայաստան, ոչ թե ուղղակի ծանոթանալու երկրին, հիանալի մշակույթին ու դարավոր պատմությանը, այլ նաև նախանշելու այն նախագծերը, որոնք կարող ենք համատեղ իրականացնել Հայաստանում։ Իհարկե, Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման արարողությունը Հայաստանում անցկացնելը մեզ համար շատ կարևոր է։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանը մի շարք փուլերով է անցել, և այսօր մենք հիացած ենք տեսնել, թե ուր է այն հասել։ Նաև COP17-ն այստեղ անցկացնելն է շատ կարևոր»։