«Իշխանությունները գնում են համայնքներում քաղաքական կյանքն ամայացնելու ճանապարհով»․ Մամիկոն Ասլանյան
76
Այսօր, 16:12
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՏԻՄ ընտրությունները՝ ժողովրդավարության պատրանքի և քաղաքական ամայացման մասին. Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքները բացահայտում են իշխանությունների կողմից վերջին տարիներին համայնքային կառավարման մարմինների նկատմամբ իրականացվող ճնշումների ու հետապնդումների իրական նպատակները։ Համայնքների շուրջ մեկ երրորդում իշխանությունը մրցակից չի ունեցել և, ՍՍՀՄ-ին բնորոշ ընտրական ավանդույթների ոգուն համահունչ՝ արձանագրել է «ֆանտաստիկ» արդյունքներ։ Ինչո՞ւ։ Որովհետև համայնքներում ձևավորվել է մի վտանգավոր համոզմունք՝ եթե համայնքը ղեկավարի իշխանությանը ոչ ցանկալի թեկնածուն, այն կարող է զրկվել պետական աջակցությունից, իսկ զարգացման ծրագրերը՝ մնալ թղթի վրա։ Այս պայմաններում քաղաքացիների ընտրությունն այլևս ազատ կամարտահայտության արդյունք չէ, այլ իշխանության ստեղծած կախվածության ու պարտադրված ընտրության հետևանք։ Այլընտրանքի բացակայությունը ոչ միայն աղքատացնում է քաղաքական կյանքը, այլև սահմանափակում քաղաքացիների՝ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը։ Իսկ այնտեղ, որտեղ մրցակցություն է եղել, այն հաճախ ուղեկցվել է վարչական միջամտություններով ու ճնշումներով՝ ընդհուպ մինչև հիմնական մրցակցի կալանավորում։ Դրա ցայտուն օրինակն է «Ուժեղ Հայաստան» թիմի՝ Ստեփանավանի թեկնածուի նկատմամբ կիրառված կալանքը։ Իշխանությունները հետևողականորեն գնում են համայնքներում քաղաքական կյանքն ամայացնելու ճանապարհով՝ ձևավորելով կառավարման մի համակարգ, որտեղ բացակայում են իրական մրցակցությունը, հանրային հաշվետվողականությունը, ներկայացուցչականությունը և իշխանության փոխզսպման ու հակակշռման մեխանիզմները։ Սա ոչ թե ժողովրդավարության ամրապնդում է, այլ դրա ինստիտուտների աստիճանական դատարկում։ Այս ընտրությունների արդյունքները չեն կարող ինքնին վկայել ժողովրդավարության մասին, երբ բազմաթիվ համայնքներում ընտրողը զրկված է իրական այլընտրանքից, իսկ քաղաքական մրցակցությունը տեղի է ունենում անհավասար պայմաններում։ Այս ամենը հակասում է ոչ միայն ժողովրդավարական կառավարման հիմնարար սկզբունքներին, այլև տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ոգուն և Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Համայնքը իշխանության սեփականությունը չէ։ Այն քաղաքացիներինն է։ Եվ տեղական ինքնակառավարումը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ ընտրությունը կա ձևականորեն, բայց բացակայում է իրական ազատությունը»։