«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
53
Երեկ, 23:12
ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանը գրել է․ «ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը՝ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի» պայմանների ձևավորման մասին, լոկ քարոզչական հռետորաբանություն չէ։ Սա Բաքվի որդեգրած պաշտոնական ռազմավարության արձանագրումն է՝ միջազգային բարձրագույն ամբիոնից։ Այս իրողության խորքային քննությունը բացահայտում է չորս առանցքային հարթություն․ 1.«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի իրավաքաղաքականացում․ Բաքուն հետևողականորեն միջազգայնացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները։ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ձևավորել է արհեստական «հայելային» օրակարգ․ Արցախից բռնագաղթված հայերի վերադարձի իրավունքի թեզին հակադրվում է Հայաստանում ադրբեջանական հոծ համայնքների վերաբնակեցման պահանջը։ Սա միջազգային իրավունքի մանիպուլյացիա է՝ Արցախի էթնիկ զտման պատասխանատվությունը չեզոքացնելու նպատակով։ 2.Գոյաբանական և ժողովրդագրական սպառնալիք․ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցման պահանջը պետականության քայքայման ուղղակի գործիք է։ Նման համայնքների ձևավորումը և դրանց համար «միջազգային երաշխիքների» կամ «ինքնավարության» կորզումը հետագայում ծառայեցվելու են ՀՀ ինքնիշխանությունը ներսից ապակայունացնելու և տարածքային նոր հավակնություններ պարտադրելու համար։ 3.Իշխանության ռազմավարական կուրությունը․ ՀՀ գործող իշխանությունները տևական ժամանակ հանրությունից կոծկել կամ հերքել են այս սպառնալիքի գոյությունը՝ այն որակելով որպես «կեղծ թեզ»։ Բայրամովի հայտարարությունն ի չիք է դարձնում պաշտոնական Երևանի հերքումները՝ բացահայտելով պետական ապարատի անկարողությունը՝ ձևավորելու արտաքին մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և իրավական զսպաշապիկ։ 4. «Խաղաղության օրակարգի» սնանկությունը․ Սա փաստում է, որ միակողմանի զիջումների և «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը չի չեզոքացնում Բաքվի ծավալապաշտությունը։ Յուրաքանչյուր զիջումից հետո Ադրբեջանը բարձրացնում է պահանջների նշաձողը։ Առանց ուժերի իրական հավասարակշռության վերականգնման՝ «խաղաղության» անվան տակ տեղի է ունենում պետական սուվերենության աստիճանական կորուստ։ Հ.Գ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտոնապես լեգիտիմացրեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը։ Իշխանությունների կողմից այս վտանգի հերքումը պետական դավաճանություն է։ Անհրաժեշտ է ձերբազատվել իլյուզիաներից և անհապաղ ձևավորել պետական դիմադրողականության վրա հիմնված, ինստիտուցիոնալ-դիվանագիտական հակազդման ռազմավարություն, այլապես հայի հետին խելքն այս անգամ մեզ չի փրկի»։