Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա». Նաիրի Հոխիկյան

53
Այսօր, 16:18
«2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի հանրությունը դեռևս 1990-ականների կեսից սկսել է վարակվել ազգային ինքնության քայքայման՝ էրոզիայի հիվանդությամբ։ Մեզ վարակել են։ Դա ախտորոշում է էթնոհոգեբանության մասնագետների կողմից։
Ազգային ինքնության քայքայման ընթացքում հետևողականորեն ոչնչացվում է հարգանքը սեփական արժեքների նկատմամբ, ծաղրվում են ազգային սովորույթները, բարոյական արժեքները։
Արդեն 2000-ականների կեսից դրան գումարվեց ազգային ինքնության մոռացումը, որը ինքնության քայքայման տրամաբանական շարունակությունն է։ Երբ արժեզրկվում է ազգային ինքնության գիտակցումը, այն սկսում է մոռացվել։ Ի՞նչ իմաստ ունի հիշել ու պահպանել մի բան, որը արժեք չունի, անհետաքրքիր է, ծաղրվող է։
Հիշեք «հայու գեն»-ի նկատմամբ ծաղրը, «Սուրբ Սարգիս»-ի փոխարինումը «Վալենտին»-ով, Ավարայրի ճակատամարտի մասին հեգնանքը և դրա լինելը կասկածի տակ դնելը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների մասին բամբասանքները, Մեսրոպ Մաշտոցին կեղծ համարելը, թե իբր նա չի ստեղծել հայկական այբուբենը, Արցախի նկատմամբ վատ վերաբերմունքի տարածումը, Արցախցիների մասին բամբասանքը, դպրոցը և ուսուցիչներին ծաղրելը և քարկոծելը, և այլն։
2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա, որը քայքայման և մոռացման հետևանքն է։ Երբ հանրությունը ոչ միայն մոռացել ու հրաժարվել է իր ազգային արժեքներից, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը իր համար կենսական է։ Այսինքն կոմայի պարագայում հանրությունը դադարում է ազգ լինել և ապրում է միայն շնչելու միջոցով, ճիշտ նույնկերպ, ինչպես անհատ մարդը, երբ կոմայի մեջ է հայտնվում։
Հանրությունը ցավ չի զգում, չի արձագանքում ցավերին, հույզեր չի ունենում, որևէ ապրումակցում չի ունենում, հայրենիքի, հողի գիտակցում չի ունենում։ Տեսեք, ինչքան մահեր են լինում բանակում։ Ո՞վ է արձագանքում։ Յուրաքանչյուր կորուստ մարդիկ կարդում են որպես հերթական նորություն ու անցնում առաջ։ Արցախի ամբողջական կորուստը ի՞նչ արձագանք գտավ։ Հիշո՞ւմ են մարդիկ, որ մենք Արցախ ենք ունեցել։ Մարդիկ նույնիսկ անտարբեր են Մեղրիի հնարավոր հանձնման լուրերի նկատմամբ։
Դա ազգային հոգեբանական վիճակ է, որը տևում է մոտ 10 տարի, ինչից հետո կամ լինում է ազգային վերածնունդ, եթե հրաշք է տեղի ունենում, և առաջ են գալիս իրական ազգային առաջնորդներ, կամ լինում է ազգի մահ, որը արտահայտվում է ազգային ինքնության փոխակերպմամբ։
Այսինքն հանրությունը, որը արժեզրկել է իր անցյալն ու ինքնությունը, բնականաբար արդեն հրաժարվում է իր տեսակից և իրեն նույնացնում է ուրիշ էթնիկ ինքնության հետ։ Օրինակ, մի օր հայերը կարող են սկսել համարել, որ ավելի լավ է լինել թուրք, որովհետև թուրքերը ուժեղ են։ Չզարմանաք։ Դա ազգային հոգեբանական վիճակ է, որը խորը բուժման կարիք ունի։ Դա հիվանդություն է, որը ոչ թե պետք է ծաղրել ու քննադատել, այլ մասնագիտորեն բուժել»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան