Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետները քննարկել են Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարները

91
Այսօր, 14:25
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետները քննարկել են Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարները

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Ճապոնիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Ըստ Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյում՝ Հարավային Կովկասի փորձագետների համար նախատեսված այցելության ծրագրի շրջանակներում, որն անցկացվել է հոկտեմբերի 28-ից 30-ը։

Նախարարությունից հայտնել են, որ ծրագիրը նպատակ ուներ նպաստելու Հարավային Կովկասում կայունությանն ու անկախ զարգացմանը, ինչպես նաև ամրապնդելու Ճապոնիայի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։

Մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման մարտահրավերներն ու հեռանկարները, տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Ճապոնիայի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնման ներուժը։

Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, Ադրբեջանը՝ Քաղաքականության վերլուծության կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին, իսկ Վրաստանը՝ Իլիայի պետական համալսարանի դոցենտ և Ճապոնական կենտրոնի ղեկավար Ջաբա Մեսխիշվիլին։