«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
50
Երեկ, 23:48
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոստացված խաղաղություն կամ Նիկոլի «ֆեյքը» Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեզ խոստանում է «խաղաղության դարաշրջան»։ Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն հայտարարեց՝ «մենք հասել ենք փաստացի խաղաղության»։ Նրա խոսքով՝ մնացել է միայն նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանի համար խաղաղությունը ներկայացվում է որպես վերջնական արդյունք։ Բաքվի համար՝ արդեն ձեռք բերված պայման, որի վրա կարելի է կառուցել հաջորդ քայլերը։ Բայրամովը նույն ելույթում խոսում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ անվտանգ ու արժանապատիվ վերադարձի» մասին։ Այս կոնկրետ հատվածը վերաբերում է Ադրբեջանի «ազատագրված տարածքներին», բայց Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի թեման Բաքուն առանձին միջազգային օրակարգով առաջ է տանում վաղուց։ 2024-ին նույն Բայրամովը ՄԱԿ-ում խոսում էր Հայաստանից հեռացած շուրջ 300 հազար ադրբեջանցիների մասին։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հնչում է սեպտեմբերի 27-ի նախօրեին՝ 2020-ի պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցի շեմին։ Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման «անվերադարձ փակված է»։ Ըստ էության՝ 1921-ի Կարսի պայմանագիրը ցույց տվեց, որ պայմանագիրը կարող է ամրագրել տվյալ պահին ստեղծված քաղաքական իրականությունը, բայց չի կարող ինքնուրույն որոշել դրա բոլոր հետագա հետևանքները։ 1938-ի Մյունխենը ևս հիշեցնում է՝ «խաղաղություն» բառը դեռ խաղաղության երաշխիք չէ։ Տրամաբանական է, որ այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է ձևակերպում այդ «խաղաղության» հաջորդ օրակարգը։ Եթե Փաշինյանը խաղաղությունը ներկայացնում է որպես «Հայաստանի անվտանգության նոր հիմք», ապա դրա իրական հետևանքների համար քաղաքական պատասխանատվությունն էլ պետք է չափվի նույն իրականությամբ։ Բանն այն է, որ խաղաղությունը կարող է լինել և՛ վերջնակետ, և՛ նոր քաղաքական գործընթացի սկիզբ (ինչի ականատեսն ենք փաստացի)։ Փաշինյանը խոստացել է առաջինը, սակայն Բաքվի այսօրվա հայտարարությունները ստիպում են շատ ավելի ուշադիր նայել երկրորդին»։