«Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորամանկում է»․ Կարեն Հեքիմյան
56
Այսօր, 15:12
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորամանկում է: Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է. «Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ»: Մեծ ցանկություն է առաջանում հարցնել, թե ինչպես և ինչ գործողությունների արդյունքում են ՀՀ քաղաքացիներն «ավելի մոտենում ԵՄ-ին»: Բերեմ ընդամենը մեկ օրինակ: ԵՄ մի շարք պետություններ Երևանում դեսպանություններ ունեն: Ժամանակին (օրինակ՝ Սարգսյան Սերժի «արյունալի» և «հակաեվրոպական» ռեժիմի օրոք) ՀՀ-ում ԵՄ բոլոր պետությունների դեսպանությունները նորմալ գործում էին: Շատ պարզ հերթագրման և մուտքի ձևաչափ էր կիրառվում: Քաղաքացին ներկայացնում էր բացառապես առաջին անհրաժեշտության փաստաթղթերը և վճարում մուտքի արտոնագրի համար նախատեսված տուրքը՝ 35 եվրո: Որքան «մոտեցանք» ԵՄ-ին, այդքան բարդացավ մուտքի արտոնագրի՝ վիզայի, ստացման գործընթացը: Այս պահին, շատ չնչին բացառությամբ, Երևանում գործող ԵՄ պետությունների դեսպանությունները ՀՀ քաղաքացիներին ընդհանրապես չեն սպասարկում: Սպասարկումը վերալիազորված է անհայտ ծագումնաբանություն ունեցող, բնույթով և գործելաոճով տարօրինակ ՍՊԸ-ներին՝ «վիզաների աջակցման կենտրոններին»: Վերջիններիս «աջակցությունը» բացառապես քաղաքացիներից ավելորդ գումար ստանալու և հերթագրման մանիպուլյացիայի մեջ է: Բացի դրանից՝ էապես մեծացել է իբր «պահանջվող փաստաթղթերի» ցանկը: Դեսպանությունները, տարօրինակ ՍՊԸ-ների միջոցով, սկսել են պահանջել, ստանալ և մշակել մարդկանց անհատական տվյալները: 6-7 օրվա ուղևորության համար քաղաքացուց պահանջում են վերջինիս ողջ կյանքը նկարագրող, անձնական բնույթի, հրապարակման ոչ ենթակա փաստաթղթեր: Ողջամիտ կասկածներ ունեմ, որ այդօրինակ ճանապարհով հավաքած տեղեկությունները մշակվում են և հասանելի դառնում տարբեր պետությունների գաղտնի ծառայություններին: Եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ նման պայմաններում Հայաստանն «ավելի է մոտենում ԵՄ-ին», ապա, նույն տրամաբանությամբ, ԵՄ-ն նույնպես մոտենում է Հայաստանին: Այդ դեպքում, Հայաստան 6-7 օրվա այցելության նպատակով, նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ ցանկացած եվրոպացի արդյո՞ք համաձայն կլինի ԵՄ-ում Հայաստանի դեսպանությունների փոխարեն ինչ-որ ՍՊԸ-ներ այցելել և վերջիններիս պահանջով, օրինակ՝ վերջին 5 տարիների բանկային գործարքների կամ գումարների շարժի վերաբերյալ տեղեկանք ներկայացնել: Իհարկե, չեն համաձայնվի: Անունը կդնեն, որ դա գաղտնիք է՝ անհատական տվյալ: Այդ դեպքում, ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներից պահանջում մի բան, որն իրենք ոչ մի դեպքում չեն տրամադրի: Եթե սրանք այսպես են «Հայաստանն ավելի մոտեցնում ԵՄ-ին», ապա արդյո՞ք մեզ այսօրինակ «արժեքներ են» հարկավոր»: