60 միլիոն աստղ. ամենամանրակրկիտ նկարը Ծիր Կաթինի կենտրոնից
53
Այսօր, 22:18
«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրում է. «ՈՒՂՂԱԿԻ ԱՊՇԵԼՈՒ․ այս լուսանկարում կա ավելի քան 60 միլիոն աստղ: Եթե հաշվեցիք ու ստուգեցիք, որ ամեն ինչ ճիշտ է, եկեք արդեն պատմենք լուսանկարի մասին: Ուրեմն, սա ամենա, ամենա, ամենամանրակրկիտ նկարն է Ծիր Կաթինի կենտրոնից, որը երբևէ արվել է տեսանելի լույսով: Նկարը օրեր առաջ հրապարակել է ESA-ն՝ Եվրոպական տիեզերական գործակալությունը, որի «Էվկլիդես» տիեզերական աստղադիտակի ոչ այնքան թեթև ձեռքով էլ ստացվել է այս ֆանտաստիկությունը: Հույն մաթեմատիկոսի անունը կրող այս աստղադիտակը տիեզերք է ուղարկվել 2023 թվականին, իսկ ամիսներ անց զբաղեցրել է իր տեղը Լագրանժի L2 կետում: «Էվկլիդեսն» այնտեղ է ուղարկել մութ մատերիայի ու մութ էներգիայի մասին մեր գիտելիքները ամրապնդելու նպատակով, որը պետք է իրականացնի ճշգրիտ չափումներ անելով տիեզերքի ընդարձակման վերաբերյալ: Լավ, շատ չխորանաք «Էվկիլդեսի» կյանքի մանրամասների մեջ ու մի քիչ պատմենք լուսանկարի մասին: 2025 թվականի մարտին այս աստղադիտակը 9 առանձին հատվածներ ֆիքսելով Ծիր Կաթինի կենտրոնից մոտ 26 ժամում ստանում է այս հսկայական կադրը: Որն էլ արդեն անցնելով երկարատև մշակումների ճանապարհով՝ ստանում է այս վերջնական տեսքն ու հունիսի 24-ին հրապարակվում ESA-ի կողմից: Ու մինչ մեզ համար այն ուղղակի վայելելու նկար է, լաաավ շա՜տ վայելելու նկար է, գիտնականների համար այն հսկայական ինֆորմացիայի աղբյուր է: Այստեղ տեսանելի են ավելի քան 60 միլիոն աստղեր, ինչպես նաև միգամածություններ ու աստղակույտեր․․․ Ի դեպ, «Էվկլիդեսը» կարողանում է ֆիքսել նաև դետալներ թույլ աստղերից, որոնք հնարավոր չէ ֆիքսել, օրինակ, երկրային աստղադիտակների միջոցով: Ինչպես նշում է ESA-ն՝ «մեր գալակտիկայի այս աստղաշատ հատվածը կատարյալ վայր է գիտնականների համար՝ գրավիտացիոն միկրոլինզավորման միջոցով էկզոմոլորակներ փնտրելու համար»: Կարճ ասած, սպասենք լիքը նոր էկզոմոլորակների հայտնաբերման»: