Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով
59
Այսօր, 01:19
Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավը 22-ժամյա ուղեծրային փորձնական թռիչքից հետո առաջին անգամ վայրէջք է կատարել մեկնարկային հարթակում՝ բռնվելով մանիպուլյատորների միջոցով։ Տիեզերանավը մեկնարկային աշտարակի մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով որսացել են շաբաթ օրը՝ ԱՄՆ-ի արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 16:16-ին (Երևանի ժամանակով՝ կիրակի՝ ժամը 01:16-ին)։ Պաշտոնական ուղիղ եթերում վայրէջքի հեռարձակումն ուղեկցվել է Player խմբի «Baby Come Back» («Փոքրիկս, վերադարձիր») երգով։ «Սա տիեզերական թռիչքների Սուրբ Գրաալն էր։ Մենք բռնեցինք Starship-ը, և այժմ ամեն ինչ կփոխվի»,– SpaceX-ի ներկայացուցիչ Դեն Հուոտի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։ 124 մետր բարձրությամբ հրթիռը հաջողությամբ մեկնարկել էր ուրբաթ օրը՝ Գրինվիչի ժամանակով ժամը 22:45-ին, Թեքսաս նահանգի Բոկա-Չիկա բնակավայրում գտնվող Starbase տիեզերակայանից։ SpaceX ընկերության հաղորդմամբ՝ թռիչքի ընթացքում տիեզերանավն ուղեծիր է դուրս բերել ինտերնետային կապ ապահովող 26 արբանյակ՝ Starlink համակարգի խմբավորումը համալրելու համար։ Ավելի վաղ՝ փորձնական արձակման ժամանակ, SpaceX-ը հրաժարվել էր Starship հրթիռի ստորին աստիճանը բռնելու փորձից։ Սա Starship հրթիռի երկու աստիճաններն էլ ամբողջությամբ վերադարձնելու առաջին փորձն է։ Ստեղծողների մտահղացմամբ՝ դրանք հնարավոր կլինի բազմակի անգամ օգտագործել և դրանով իսկ զգալիորեն նվազեցնել արձակումների ինքնարժեքը։ Արձակումը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Անդրադառնալով ստորին աստիճանը բռնելու փորձից հրաժարվելուն՝ SpaceX-ի ներկայացուցիչը նշել է. «Անվտանգությունը միշտ թիվ մեկ առաջնահերթությունն է։ Երբ մենք փորձարկում ենք մի բան, որը նախկինում երբեք չենք արել, մեզ համար առաջնային է համոզվելը, որ յուրաքանչյուր մանևր հնարավոր է իրականացնել անվտանգ»։ Նախորդ երեք արձակումների ընթացքում SpaceX-ին հաջողվել էր որսալ հրթիռի ստորին աստիճանը։ Վերին աստիճանը մինչ այժմ միշտ վայրէջք էր կատարում օվկիանոսում։ SpaceX-ը վաղուց է ձգտում ստեղծել բազմակի օգտագործման համար ամբողջությամբ պիտանի հրթիռ։ Falcon 9 հրթիռի դեպքում հնարավոր է կրկնակի օգտագործել միայն ստորին աստիճանը։ Այդ հրթիռն արձակվում է տարեկան ավելի քան 100 անգամ, իսկ արագացուցիչների (բուստերների) բազմակի օգտագործումը թույլ է տվել էապես կրճատել ծախսերը։ Ծախսերի կրճատմանը ուշի-ուշով հետևում են ինչպես SpaceX-ի բաժնետերերը (ընկերությունն այս տարի դարձել է հանրային), այնպես էլ ԱՄՆ-ի Ազգային ավիացիոն և տիեզերական վարչությունը՝ ՆԱՍԱ-ն։
Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով