«Պատմական արդարությունից հրաժարումն ինքնին չի ապահովում խաղաղություն»․ Արմեն Հովասափյան
39
Այսօր, 01:06
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմական արդարությունից հրաժարվելու և քաղաքական նարատիվը գիտակցաբար նեղացնելու երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր ղեկավարների մոտ, սակայն դրա տրամաբանությունը գրեթե միշտ ունեցել է ընդհանուր կառուցվածք՝ ուժային անհավասարակշռության պայմաններում սեփական պահանջների վերանայում՝ հանուն իրավիճակի կայունացման կամ վերահսկելի դարձնելու։ Այս իմաստով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները կարելի է համադրել Նևիլ Չեմբերլենի, Ալեքսանդր Կերենսկիու և Միխայիլ Գորբաչովի քաղաքական վարքագծի հետ՝ հատկապես այն տեսանկյունից, թե ինչպես են նրանք վերաիմաստավորել իրենց պետությունների հիմնարար նարատիվները և ինչ հետևանքների են հանգեցրել այդ փոփոխությունները։ Չեմբերլենի պարագայում գործ ունենք դասական հակապետական զիջումների քաղաքականության հետ, որտեղ խաղաղության պահպանման նպատակով վերանայվում էր ոչ միայն կոնկրետ տարածքային հարցը, այլ նաև այն սկզբունքը, որ պետությունը պարտավոր է դիմակայել արտաքին ճնշմանը։ Նրա «խաղաղություն մեր ժամանակների համար» ձևակերպումը իրականում դիլետանտ քայլ էր, որով փորձ էր արվում հանրությանը համոզել, որ զիջումը ոչ թե պարտություն է, այլ ռացիոնալ ընտրություն։ Փաշինյանի «չենք կարող վերադառնալ» և «պետք է հրաժարվել պատմական արդարությունից» թեզերը կառուցված են նույն տրամաբանությամբ՝ նահանջը ներկայացնելով որպես իրատեսություն և միակ հնարավոր «ռեալ պոլիտիկը»։ Սակայն երկու դեպքում էլ առանցքային խնդիրն այն է, որ նման դիսկուրսը չի փոխում հակառակ կողմի ռազմավարական նպատակները, այլ ընդամենը նվազեցնում է սեփական դիմադրողականությունը։ Չեմբերլենի դեպքում դա հանգեցրեց պատերազմի, որովհետև զիջումը ընկալվեց ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես հաջորդ պահանջների նախադրյալ։ Նույն կառուցվածքային ռիսկը առկա է նաև հայկական իրականությունում, որտեղ նարատիվային նահանջը կարող է ընկալվել որպես թույլության ինստիտուցիոնալացում։ Կերենսկու դեպքում մենք տեսնում ենք այլ, բայց ոչ պակաս վտանգավոր մոդել՝ հին նարատիվի կազմաքանդում՝ առանց նորի կառուցման։ Ըստ էության՝ Կերենսկին փորձեց միաժամանակ հրաժարվել կայսրական ինքնությունից, պահպանել պատերազմական պարտավորությունները և կառուցել լիբերալ կառուցակարգ, սակայն այդ երեք ուղղությունները միմյանց հետ անհամատեղելի էին։ Արդյունքում առաջացավ նարատիվային վակուում, որտեղ պետությունն այլևս չէր կարող հստակ ձևակերպել, թե ինչի համար է պայքարում։ Փաշինյանի «պանդուխտի հոգեվիճակից դուրս գալու» և պատմական պահանջներից հրաժարվելու թեզերը նույնպես պարունակում են նման վտանգ․ եթե հին ինքնությունը դելեգիտիմացվում է, բայց նոր ինքնությունը դեռևս չի ձևավորվել և չի ընդունվել հասարակության կողմից, առաջանում է նույն վակուումը։ Կերենսկու պարագայում այդ վակուումը արագ լցվեց ավելի ռադիկալ ուժերով, և իշխանությունը կորցրեց իր լեգիտիմությունը։ Գորբաչովի օրինակը առավել մոտ է գաղափարական ինքնաքանդման գործընթացին։ Փաստացի Գորբաչովը հրաժարվեց խորհրդային համակարգի հիմնարար գաղափարներից՝ փորձելով այն դարձնել ավելի ճկուն և համատեղելի արտաքին աշխարհի հետ, սակայն այդ գործընթացը դուրս եկավ վերահսկողությունից։ Նրա «նոր մտածողությունը» ըստ էության վերացրեց այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցված էր պետությունը, բայց չստեղծեց փոխարինող միավորող ընթացակարգ։ Փաշինյանի կողմից պատմական արդարության, ցեղասպանական վտանգի և տարածքային հիշողության նսեմացումը ունի նման կառուցվածք՝ այն նվազեցնում է հավաքական ինքնության առանցքային տարրերի նշանակությունը՝ հույս ունենալով ստեղծել ավելի «կառավարելի» քաղաքական իրականություն։ Այս երեք պատմական կերպարների համեմատությունը ցույց է տալիս մի ընդհանուր օրինաչափություն, որը կիրառելի է նաև Փաշինյանի ներկայիս քաղաքականության վրա։ Այս համադրության մեջ ամենավտանգավորը այն է, որ բոլոր երեք պատմական դեպքերում քաղաքական ռացիոնալիզմը, որը ներկայացվում էր որպես իրատեսություն, իրականում վերածվում է վերահսկողության կորստի (երկուսի դեպքում անգամ պետականության վախճանի)։ Նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակում հիմնավորում էր իր քայլերը անհրաժեշտությամբ, սահմանափակ ռեսուրսներով և մեծ ռիսկերը նվազեցնելու նպատակով, սակայն արդյունքը եղավ հակառակ՝ ռիսկերի կտրուկ աճ և համակարգային փլուզում կամ ծանր ճգնաժամ։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ պատմական արդարությունից և հավաքական նարատիվից հրաժարումը ինքնին չի ապահովում խաղաղություն կամ կայունություն, եթե այն չի ուղեկցվում ուժի, ինստիտուցիոնալ կայունության և հասարակական կոնսենսուսի առկայությամբ։ Հ.գ. Փաշինյանի չսիրած կոմունիստներն, ի դեպ, առաջին համաշխարհայինից հետո էլ ահագին բաներ զիջեցին, բայց ընդամենը մի քանի տասնամյակում կրկնակի ձեռքբերումներ ունեցան: Իսկ սա՝ գաղափարական բոլորիս նվաստացնում է ու սարքում անսկզբունք մանկուրտ»: