Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Անհիմն «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»․ Նաիրա Կարապետյան

72
Այսօր, 02:06
«Անհիմն «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»․ Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ սա դարձավ նորմալ...
Երեկ շատերիս հուզեց այս պատկերը - ապօրինի կալանք, հացադուլ, առողջության վատթարացում, տնային կալանք անցած Նարեկ Սամսոնյանն արդեն 9 ամսից ավելի ապօրինի կալանավորված Բագրատ Սրբազանի հետ...
Սակայն ինձ այս լուսանկարում շատ մտահոգեց այն միտքը, որ բոլորը մաղթում էին, որ Սրբազանն էլ ազատ արձակվի՝ Նարեկի պես:
Ես, իհարկե, առաջիններից եմ, ով ամեն ժամ, ամեն վայրկյան սպասում է Սրբազանի ազատ արձակմանը, բայց այստեղ կա մի շատ մեծ բայց…
Այն է՝ Նարեկն ազատ չէ:
Նա ունի հանրային խոսքի սահմանափակում, ինչը ազատ խոսքի իրավունքի և մեդիայի ազատության կոպտագույն խախտում է:
Ստացվում է, որ իշխանությունը մի բան հորինում, հերթով փակում է իրեն հատկապես նախընտրական շրջանում խանգարողներին, հետո քիչ-քիչ թեթևացնում «պատիժը», և մենք բոլորս ուրախանում ենք, մի բան էլ մյուսներին ենք նույնը մաղթում:
Այստեղ խոսքը մարդասիրական պահի մասին չէ: Իհարկե, Նարեկ Սամսոնյանի «պատիժը» նույն Վազգեն Սաղաթելյանի համեմատ շատ ավելի թեթև է՝ թե՛ ընտանիքի կողքին գտնվելու, թե տանը լինելու, թե՛ ընկերների և մտերիմների հետ շփվելու պահով, սակայն նրա հիմնական գործունեությունը կասեցված է:
Այսպես են վարվում բոլոր քաղբանտարկյալների հետ, բոլոր:
Եթե Նարեկի դեպքում՝ հետապնդումը հրապարակային վիրավորանքին հրապարակային պատասխան հնչեցնելու համար է (հենց երեկ Ալենը կրկին «փայլեց» հրապարակային բառապաշարով), ապա Սրբազան պայքարի գործով դատվողների դեպքում՝ մոնտաժված ձայնագրություն և գունավոր ծուխ է:
Զավեշտալի է Սամվել Կարապետյանի դեպքը․ ընդամենը «մեր ձևով» արտահայտությունն է, ինչը նիկոլենք ընկալել են իրենց ձևով և շուտափույթ զրկել բարերարին ընտրական գործընթացին մասնակցելու բոլոր հնարավորություններից:
Դավիթ Համբարձումյանի «մեղքը» իմպիչմենտի միասնական թեկնածու լինելն է, Կաթողիկոսի եղբոր և եղբորորդունը՝ արյունակցական կապը, մյուսներինը՝ հայրենասեր լինելը:
Եվ մենք նրանց «պատիժները» թեթևացնելը սկսել ենք ընկալել որպես «հաղթանակ»: Օրինակ՝ Միքայել Աջապահյանը գնաց պատարագի... Չենք մտածում, թե ինչո՞ւ պետք է չգնար: Արշակ Սրբազանն Էջմիածնում է, բայց դեռ դատվում է, չէ՞: Պայքարեցինք, որ Լիդյան ազատ լինի, «հաղթեցինք», բայց նա ամբաստանյալ է: Ուրախացանք, որ Արա Ռոստոմյանը կարողանում է այցելել որդու շիրիմին, իսկ Արթուր Սարգսյանը կկարողանա դատարան գալուց բարևել իրեն ողջունողներին…
Ախր սա հաղթանակ չէ, սա ընդամենը անհիմն բռնաճնշումների թեթևացում է, այն էլ՝ խիստ մանիպուլյատիվ նպատակներով:
Ազատություն ռեժիմի քաղաքական բանտարկյալներին:
Հ.Գ. Բայց Վազգենի «պատիժը» երեկ քաղաքացուն հայհոյած ԱԺ նախագահը երևի դեռ թույլ չի տալիս մեղմել:
Հ.Գ.Գ. Միջազգային կառույցները սա, իհարկե, չեն նկատի, նրանք բաց տեքստով աջակցում են ռեժիմին»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան