Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2025 թ.

«Հետաքննություն կիրականացվի՝ խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու համար». Ռոմանոս Պետրոսյան

91
Այսօր, 12:54
«Հետաքննություն կիրականացվի՝ խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու համար». Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր՝ կեսգիշերն անց, սկսած 02:00-ից հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները։
Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինության և Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրականացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։ Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։
Կրկին անգամ հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։
Միևնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար։
Հայտնում եմ նաև, որ ՀԷՑ-ը նախատոնական և տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երևանի բոլոր Շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի բոլոր էլ.ցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումը, և հարկ եղած դեպքում, օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման և էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։ Տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները, բացառությամբ՝ վթարային հնարավոր իրավիճակով պայմանավորված պլանայինների»: