Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ.

Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կարճվել է․ «Հրապարակ»

156
Այսօր, 09:12
Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կարճվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դեռևս 2024-ի ամռանը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանից՝ հերքել իր զրպարտչական հայտարարությունները և ներողություն խնդրել: Սրբազանը հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ:

Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտներն իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը: Այսինքն՝ ես: Սկզբում գնացել եմ, ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք:

Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել, ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն է առնելու տանել այս գործը մինչև վերջ»: Հայցն իսկապես Սրբազանը ներկայացրել է, այն վարույթ է ընդունվել, բայց մենք տեղեկացանք, որ 2024 թ. դեկտեմբերի 27-ին վարույթը կարճվել է։

Սրբազանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը մեզ ասաց՝ կարճման որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, այն այժմ գրավոր ընթացակարգով քննվում է․ «Վաղեմության հիմքով գործը կարճվել է, վերաքննիչ ատյան ենք բողոքարկել, որոշմանն ենք սպասում։ Օրենքն ասում է՝ զրպարտության պահից մեկամսյա ժամկետում ներկայացվի հայցը, բայց 6-ամսյա ժամկետում կարող է ներկայացնել հայցը, եթե կողմը հիմնավորում է, որ ինքը մեկ ամիս առաջ է տեղեկացել։ Մենք հիմա հիմնավորումները տարել ենք դատարան, որ ինքն ավելի ուշ է տեղեկացել, դրանից հետո մեկ ամիսը պահել ենք, բայց դատարանը գտել է, որ դա հիմնավորում չէ։ Բայց տարիներ առաջ Ռոման Պետրոսյանի նույն հիմնավորումը դատարանն այլ գործով ընդունել է»։

Դատավորը Մալվինա Հարությունյանն է։ Խուդոյանը նաև ասաց, որ առաջին ատյանում Փաշինյանի ներկայացուցիչը չի ցանկացել, որ գործը տեսանկարահանվի լրատվամիջոցների կողմից, դրա հետ կապված էլ միջնորդություն է ներկայացրել դատարան, եւ որոշվել է հայցը քննել դռնփակ կարգով․ «Քաղաքացիական դատավարության մեջ, երբ կողմը չի ցանկանում, որ լրագրող լինի, միջնորդություն է ներկայացնում։ Այս գործով մյուս կողմի ներկայացուցիչը միջնորդել է չլուսանկարահանել, ինչը բավարարվել է դատարանի կողմից, բայց մենք դրան դեմ ենք եղել։ Սակայն դա չի նշանակում, որ լրագրողները չեն կարող ներկա չլինել, պարզապես չեն կարող տեսանկարահանել»»։