Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ.

«Վանդակն ընկած գազանի նման ելք չի գտնում». Արմինե Օհանյան

91
Երեկ, 23:12
«Վանդակն ընկած գազանի նման ելք չի գտնում». Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր իմաստներով ինքն իրեն ու երկիրը փակուղի մտցրած, իր փորած փոսում հայտնված իշխանությունը հուսահատ ջանքեր է գործադրում՝ ելք գտնելու։ Փորձում են առօրեականություն բեմադրել՝ մի օր մետրոյով ու ավտոբուսով է աշխատանքի գնում, մյուս օրը հեծանիվ է վարում, հետո մարզային դպրոցի բացման է մասնակցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին է ծաղիկ դնում, Գյումրիի փողոցներով է շրջում։ Փորձում է պահպանել երկրի կառավարման ֆորմալ կողմը՝ մի տեղ մի քանի հարցի պատասխանել, մի տեղ ելույթ ունենալ՝ նախկին հիշողությամբ հոխորտալով ընդդիմադիրների հասցեին: Մեկ-մեկ արտերկիր է մեկնում, որ ցույց տա տարբեր ղեկավարների հետ հավասարը հավասարի նման մասնակցում է համաշխարհային անցուդարձին։ Բայց հուսահատության, անելանելիության, ասելիք ու անելիք չունեցողի խոր փակուղին ակնհայտ է ամեն ինչից՝ իր ստորագրությամբ հրապարակած հոդվածից, որտեղ թշնամուն աղերսում է համաձայնել իր առաջարկներին, գնալ՝ գալ, օգտվել իր բացած սահմաններից: Նկատելի է հին-մաշված լոզունգների կրկնությունից, երբ այլևս նոր բան հորինել չի ստացվում, որով կարելի կլինի համոզել ընտրողին նորից քվե տալ իրենց։ Նկատելի է անգամ ՔՊ-ական հավաքներին մասնակցողների քանակից ու որակից՝ երբ փորձում է ներգրավել ողջ կառավարությանը, ՔՊ վերնախավին, պատգամավորների, համայնքային պաշտոնյաների: Որ շարվեշարան կանգնեն ու, պատ կազմած, դիմավորեն իրեն՝ ձեռքը սեղմելով, ժպտալով, վիզները ծռելով: Թիմն էլ է հասկանում այս փակուղին և երբեմն-երբեմն սամուրայի կեցվածքով՝ հիմարություններ դուրս տալով հանրային թիրախ են դառնում, որ թեթևացնեն շեֆի «բեռը»: Այս հուսահատ ջանքերից, մղկտոց-աղերսներից, գոռգոռոց-սպառնալիքներից հասկանում ես, որ մարդը վանդակն ընկած գազանի նման ելք չի գտնում և արդեն չի կարողանում թաքցնել իր տագնապներն ու վախերը՝ «կարո՞ղ է Գյումրիում պարտվենք», «կարո՞ղ է Ադրբեջանը «էսկալացիայի կեղծ առիթ» է փնտրում»... Ուզում ես ասել՝ մարդ Աստծո, դու էլ ես մեղք, մենք էլ՝ փոխանցիր իշխանությունը, աղերսներով, վախերով, ցայտնոտով երկիր չեն կառավարում»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան