Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.

«Հայ հանրույթն ուշադրության չի արժանացնում Մակրոնի առավել էական հայտարարությունները». Հակոբ Բադալյան

91
Երեկ, 23:30
«Հայ հանրույթն ուշադրության չի արժանացնում Մակրոնի առավել էական հայտարարությունները». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպացի առաջնորդներին որակում է վախկոտ՝ ասելով, որ նրանք, կարծես թե, նստած սպասում են իրենց ճակատագրին, որ գա ու տնօրինի Թրամփը: Օրբանը հայտարարել է, թե Թրամփը երբ գա, նա գալու է ԱՄՆ-ի շահերով:

Վիկտոր Օրբանը եվրոպացի առաջին առաջնորդն է, որը ինտենսիվ շփվել է Թրամփի հետ դեռ մինչև նրա ընտրությունը: Օրբանն է թերևս սկսել Թրամփ-Պուտին-Ցզինպին կոմունիկացիան՝ 2024-ի ամռանը:

Այսօր Օրբանը հայտարարում է, որ Թրամփը գալու է ԱՄՆ-ի շահերով: Նա այդպիսով փորձում է ներկայացնել Եվրոպայի շահերն առաջնորդողի հայտ: Իսկ Եվրոպայում այդ իմաստով սկսվելու է, թերևս, բավականին կոշտ մրցակցություն: Արդեն անդրադարձել եմ 6+1 հայտարարությանը՝ անդրադարձի հղումն այս գրառման վերևի մասում: Հունգարիան չկա այդտեղ: Օրբանն, ըստ ամենայնի, փորձելու է ձևավորել իր «կոալիցիան»՝ Հունգարիա, Ավստրիա, Սլովակիա: Այստեղ կարող է ներառվել Ռումինիան, եթե այդ երկրի նախագահի ընտրությանը հաջողության հասնի աջ պահպանողական թեկնածու Կելին Ջորջեսկուն:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ամիսներ առաջ հայտարարում էր՝ Եվրոպան միայն ՆԱՏՕ-ն ու Եվրոմիությունը չէ: Մակրոնի՝ «հայաստանապատկան» ամեն շունչ ու արտաշունչ մոնիթորինգ իրականացնող հայ հանրույթը, սակայն, ուշադրության չի արժանացնում նրա առավել էական հայտարարությունները, որոնք հենց այ մասին են, որ, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինի եվրոպական քաղաքականության ինքնության արտահայտիչները:

Դրանք կարող են պահպանվել, բայց եվրոպական ինքնությունը կկստանա նոր ձևեր ու բովանդակություն, քանի որ ներկայիս ինքնությամբ Եվրոպան պարզապես անկարող է լինելու սուբյեկտ լինել աշխարհակարգի վերաձևման այս պրոցեսում: Այն աշխարհը, որում իր ինքնությամբ դիրքավորվել էր ԵՄ-ն՝ իր, այսպես ասած, կոկիկ հարմարավետության մեջ, գլուխը դրած ԱՄՆ-ի ուսին, այլևս գոյություն չունի:

ԱՄՆ-ն հայտարարում է, որ իր ուսն իրեն պետք է, որ ինքը պետք է երկու ձեռքով դիմակայի Չինաստանին:

Ի դեպ, Օրբանն Արաբական Էմիրություններում միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբխիձեի հետ: Օրբանը հայտարարել է, որ լավ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ՝ ասելով, որ պայմանավորվել են Բուդապեշտում անցկացնել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստ որքան հնարավոր է շուտ:

Այլ կերպ ասած, Օրբանը Կոբախիձեին հրավիրել է հնարավորինս շուտ այցելել Հունգարիա: Դա կնշանակի, որ կա Վրաստանի հետ առարկայական հարցեր քննարկելու մտադրություն, կոնկրետ առաջարկներով:

Ավելի վաղ, անդրադառնալով, Վրաստանի ներքին իրավիճակին, առիթ ունեցել եմ ասելու, որ այնտեղ միայն թվացյալ է Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն, իսկ խորքային առումով իրականում դիմակայությունը ներարևմտյան է: Օրբանը Թբիլիսիին թերևս կառաջարկի տեղավորվել աջ-պահպանողական եվրոպական ալիքի վրա, թերևս ներկայացնելով այդ ալիքի համատեքստում այն ձևաչափը, որ պատկերացնում է նոր եվրոպական անվտանգության ճարտարապետության համատեքստում:

Հետաքրքիր է, ինչ կանի Երևանը, ուր օրերս էր հյուրընկալվել Վրաստանի վարչապետը և արել մի էական հայտարարություն, որի աննախադեպության հանգամանքը շեշտել էի այդ օրերին և չեմ զլանա հիշեցնել այժմ. «Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի», Երևանում հայտարարել էր Կոբախիձեն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան