«Կոչ ամերիկահայերին՝ մի հանդիպեք Նիկոլ Փաշինյանին»․ Վարդան Օսկանյան
82
Այսօր, 13:36
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոչ ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և չդառնալ նրա հուսահատ քայլի մասը։ Փաշինյանը ձախողած առաջնորդ է, որի օրոք հայ ժողովուրդն անցնում է իր ժամանակակից պատմության ամենաաղետալի ժամանակաշրջանը։ Հայաստանը կրել է տարածքային ծանր կորուստներ, ռազմական պարտություն և արժանացել ազգային նվաստացման։ Արցախի լիակատար անկումը, 150,000 հայերի տեղահանությունը և հազարավոր երիտասարդ զինվորների մահը նրա անխոհեմ, անկարող և անհեռատես քաղաքականության ուղղակի հետևանքներն են։ Փաշինյանը միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ներառման հիմնական և միակ խոչընդոտն է՝ չնայած համաշխարհային հանրության հստակ պատրաստակամությանը՝ անդրադառնալու և աջակցելու այս հիմնարար իրավունքին։ Այսօր հայ գերիները մնում են ադրբեջանական գերության մեջ, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը զավթված է, իսկ առջևում նոր զիջումներ են սպասվում. այս ամենը՝ նրա պատասխանատվության ներքո։ Նրա կառավարության գործողությունները խարխլել են Հայաստանի անվտանգությունը, արժանապատվությունը և դիրքն աշխարհում։ Նրա իշխանավարման շարունակությունը ուղղակի սպառնալիք է հայ ազգի գոյատևմանը։ Հայ ժողովուրդը Փաշինյանի վերաբերյալ իր վճիռն արդեն կայացրել է։ Վերջին հարցումների համաձայն՝ հայաստանցիների ընդամենը 10 տոկոսն է աջակցում նրան։ Այսպիսի ցածր աջակցություն ունեցող առաջնորդը, որը կառավարում է ոչ թե լեգիտիմությամբ ու կոմպետենտությամբ, այլ վախով և ապատեղեկատվությամբ, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից։ Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատանը նրա ներկայությունը վիրավորանք է Սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը։ Փաշինյանի իշխանությունը հիմնված չէ ժողովրդավարական օրինակարգության վրա, այլ՝ համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Հայաստանի երբեմնի հույս ներշնչող ժողովրդավարությունը վերածվել է միանձնյա կառավարման, որտեղ զավթված դատական համակարգը, սանձված մամուլը և թուլացած քաղաքացիական հասարակությունը ծառայում են միայն նրա կառավարության պատասխանատվությունը լղոզելուն։ Վաշինգթոն մեկնելու նախօրեին Փաշինյանը քրեական հետապնդում սկսեց մի հայի դեմ պարզապես այն բանի համար, որ նա տեսանյութ էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների խմբի նվաստացուցիչ գործողությունների մասին՝ հանրային և պաշտոնական ուշադրություն հրավիրելով։ Նրա կառավարությունը հաստատել է կոռուպցիոն մշակույթ՝ հանրային միջոցները ուղղորդելով լոյալիստների գրպանները՝ քաղաքացիներին մատնելով հիասթափության ու աղքատության։ Միևնույն ժամանակ, քաղաքական բևեռացումը և անվստահությունը պառակտել են հայ հասարակությունը՝ գրեթե անհնար դարձնելով համախմբումն ու միասնական գործողությունները։ Սրանք ոչ թե սեփական ժողովրդի համար աշխատող առաջնորդի հատկանիշներ են, այլ ցանկացած գնով իշխանությունը պահպանող մի պատեհապաշտի։ Փաշինյանի պաշտոնավարման ամենաամոթալի արարքը թերևս նրա վերջին ճամարտակումներն են Հայոց ցեղասպանության մասին։ Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն։ Սա ապշեցուցիչ բան է, որը պետք է մտահոգի յուրաքանչյուր հայի, հատկապես Սփյուռքում։ Եթե նա պատրաստ է իր քաղաքական շահերին համապատասխան վերաշարադրել պատմությունը, ապա է՞լ ինչի պատրաստ չէ։ Եթե այնուամենայնիվ որոշեք մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացրեք, թե ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետե՛ք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։ Սա պարզապես քաղաքական պահ չէ, սա խղճի քննություն է։ Փաշինյանին դեմ գնալը նշանակում է կանգնել Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի կողքին»։