«Դովեղի դպրոցի շինարարությունը ավելի քան 3 ամիս դադարեցված է». Ոսկան Սարգսյան
67
Այսօր, 18:00
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դովեղի դպրոցի շինարարությունը ավելի քան 3 ամիս դադարեցված է, մարզպետն առաջարկում է հարցերն ուղղել քաղշին կոմիտեին․ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ ․-ի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն, աշխատանքների քիչ մասն է արված։ 2004թվականի գարնանը մի քանի ամիս դադարեցվել էր դպրոցի շինարարությունը, տեղացի բանվորները աշխատավարձի ուշացման պատճառով դուրս եկան գործից։ Տեղացի բանվորներին փոխարինեցին հնդիկ բանվորները, ապա՝ թվով 5 արաբ բանվորներ։ Դովեղում կառուցվող դպրոցի շինարարությունը ավելի քան 3 ամիս առաջ դադարեցվել է, շինարարի՝ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն լիցենզիան կասեցվել է, քանի որ Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի դպրոցի շինարարության ընթացքում բազմաթիվ խախտումներ է արել։ Դովեղից տեղեկացա, որ մի քանի օր առաջ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները գնացել են Դովեղ, տեղում ծանոթացել, թե դպրոցի շինարարությունում մինչ այժմ որքան աշխատանքներ են կատարվել։ Իմ տեղեկություններով՝ Դովեղի դպրոցի շինարարության հետ կապված իրավապահներն այժմ քննություն են կատարում։ 2023թվականի ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում եղավ Դովեղի դպրոցի շինհրապարակում, շինարարներին հորդորեց արագ կառուցել դպրոցի շենքը։ 2024թ․-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել ՝ ե՞րբ է գործարկվելու Դովեղի դպրոցի շենքը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով»: Այս տարվա հունվարի 14-ին նույն հարցով կրկին դիմել եմ մարզպետին։ Ստացած պատասխանում նշված է․ «Քանի որ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չի հանդիսանում տվյալ շինարարության աշխատանքների պատվիրատու, առաջարկում եմ դիմել պատվիրատուին»: