Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

Մտնում ենք 2025 թվական՝ ծանր բեռով․ «Հրապարակ»

186
Երեկ, 09:24
Մտնում ենք 2025 թվական՝ ծանր բեռով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օրից կավարտվի 2024 թվականը: Ավանդաբար, այս շրջանում ընդունված է ամփոփել տարին՝ վերհիշելով ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու ձախողումները։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2020 թվականի պատերազմից հետո ամեն հաջորդ տարին ավելի վատն է եղել նախորդից, և մենք 4 տարի է՝ զրկված ենք ձեռքբերումների մասին խոսելու, գրելու բախտից, իսկ ձախողումների, կորուստների մասին կարելի է հատորներ գրել։
Եկեք անցնող տարվա կարևոր դրվագները հիշենք քաղաքական գործիչների աչքերով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գնահատականներն անցնող տարվա մասին բացառապես բացասական են, բայցև նա հույս է կապում եկող տարվա հետ․ «2024-ը, ըստ էության, սկսվել է Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականների ճգնաժամով եւ շարունակվել միակողմանի զիջումներով՝ Տավուշի մարզի հարակից տարածքներից։ ՀՀ-ն միակողմանի զիջումների գնաց սահմանազատման անվան տակ՝ առանց սահմանազատման կանոնակարգի, սակայն Ադրբեջանի զինված ուժերն այդպես էլ դուրս չեկան Հայաստանի սուվերեն տարածքներից, որոնք օկուպացրել են շուրջ երեք տարի։ Մյուս հատկանշական բանն այն է, որ Հայաստանը դուրս եկավ միջնորդներով բանակցությունների բոլոր հարթակներից եւ մնաց առանց միջնորդների փուլում, որտեղ բանակցություններն ընթանում են հարցազրույցներով, այսինքն՝ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներում իր պահանջներն է թելադրում, և այդ պայմաններում հարցազրույցով պատասխանում է վարչապետ Փաշինյանը։ Իսկ այդքան խոստացված խաղաղության պայմանագիրն այդպես էլ չկնքվեց։

Ըստ էության, մենք մտնում ենք 2025 թվական՝ ծանր բեռով, որն Ադրբեջանի անվերջանալի պայմաններն են եւ Հայաստանի անվերջանալի զիջումները, որովհետեւ դեռ չկա Հայաստանի օրակարգ, կա Ադրբեջանի օրակարգի սպասարկում, ինչպես նաեւ մտնում ենք նոր տարի՝ տարածաշրջանի լարումով: Սիրիական դեպքերից հետո ուժերի կենտրոնը տեղափոխվում է դեպի մեր տարածաշրջան, հետևաբար, եկող տարի պետք է շատ-շատ պատասխանատու առաջնորդություն, ամեն ինչ հազար անգամ չափել, նոր կտրել, հստակ, ժամանակին որոշումներ կայացնել, որը երբեք չի եղել մեր պարագայում: Եվ այդ իմաստով ես իլյուզիաներ չունեմ, որ հաջորդ տարի լինելու են, հետեւաբար, շատ բարդ տարի է լինելու 2025-ը։ Ամեն դեպքում, ուզում եմ հույս տալ մեր ժողովրդին, որ կկարողանանք փոխել այն վիճակը, որում մենք՝ բոլորս, հայտնվել ենք։ Այս տարի չկարողացանք փոխել, որովհետեւ որեւէ ուժ չպայքարեց իշխանության համար։ 25 թվականին կլինի այդ պայքարը, կկարողանանք փոխել»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ գալիք տարին ավելի ծանր է լինելու։ «Դժբախտաբար, 2024-ը հայ ժողովրդի ու Հայաստանի համար հերթական կորուստների եւ նահանջի տարի էր․ Հայաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներ զիջեցինք Ադրբեջանին, մարտահրավերներն էլ ավելի են ծանրացել, և դա գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքն է։ 2025 թվականն էլ ավելի ծանր տարի է լինելու՝ և անվտանգության, և տնտեսության առումով, բայց գլխավոր խնդիրը մնալու է մեր երկրի անվտանգությունը: Մտահոգություն կա, որ Նիկոլը սահմանագծման-սահմանազատման անվան տակ հերթական տարածքներն է զիջելու թշնամուն կամ խաղաղության անվան տակ փորձելու է ստորագրել նոր կապիտուլյացիա։ Այս բոլոր խնդիրները պետք է կարողանալ հաղթահարել, իսկ հաղթահարման ճանապարհը նախ սրանց հեռացնելն է, ապա ձեւավորել ազգային իշխանություն, համախմբել ժողովրդին եւ դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

«2024 թվականը համազգային ամոթի հերթական տարի էր»,- տարվա ընդհանրական գնահատականը տվեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այո, համազգային ամոթի հերթական տարին էր, որովհետեւ հայ ռազմագերիները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս, չեն զբաղվում այդ հարցով, այնինչ Փաշինյանն իր ընտրարշավին ասում էր, թե մի երկու-երեք ամիս էլ մնան, ամեն ինչ լավ կլինի։ Արդեն 3 տարի է անցել, գերիների թիվն ավելացել է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են Բաքվի բանտում»։

«Հենց հունվարին նա մի անհեթեթ հայտարարություն արեց՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելու մասին, մարտահրավեր նետելով հայ ժողովրդի պատմությանը եւ սկիզբ դնելով «Իրական և պատմական Հայաստան» հիմար թեզի տարածմանը։ Դրանով նա փորձեց իր արտաքին կուրատորների պահանջները բավարարել, հիշում եք՝ 2018 թվականին Բոլթոնն ասում էր, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից, Նիկոլն էլ կատարում է պահանջը և հերթով փորձում հրաժարվել պատմական գաղափարներից՝ Անկախության հռչակագրից, Արցախից, Արարատից և այլն։ Ամիսներ անց դեմարկացիա-դելիմիտացիա անվան տակ Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը և Տավուշի գյուղերն ու մեր ամենաամուր ռազմական դիրքերը նվիրեց թշնամուն։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հատեց ՀԱՊԿ-ում անդառնալիության կետը՝ բացելով Հայաստանի թիկունքն ադրբեջանական բոլոր նվաճումների համար։ 2024 թիվը հատկանշական էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական դավաճանությամբ, որով նա փաստացի ի լուր աշխարհի հայտարարեց, որ նպատակը Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելն է, դրա վառ ապացույցը Նյու Յորքում թուրքական տանը Էրդողանի գիրքը կրծքին սեղմելն էր, իսկ Էրդողանի գիրքը նեոօսմանական և Էրդողանի պատկերացումների մասին է՝ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ, որտեղ Հայաստանը գործոն չէ, լավագույն դեպքում՝ ֆուտբոլի գնդակի կարգավիճակում կարող է հայտնվել, իսկ Նիկոլը կրծքին սեղմելով՝ իր հավատարմությունը հայտնեց։ Հերթական տարին էր, որ իրենց հորջորջած խաղաղության պայմանագիրն էլի չստորագրվեց, իրենց խաղաղության օրակարգը փուչիկ է, և ամեն տարի մենք տեսնում ենք, թե ինչպես է Ալիևը նորանոր պահանջներ ներկայացնում, իրենք էլ ավելի շատ զիջում են։ Իսկ տարեվերջին՝ իր սափրվելուց հետո, նա մարտահրավեր նետեց բոլորին՝ ոչ միայն նախկին նախագահներին, այլեւ ողջ ժողովրդին, և հայտարարում է, թե 1994 թվականից Արցախն արդեն տրված էր Ադրբեջանին, հասկանալի է, որ ընդամենը փորձում է մաքրել դավաճանի պիտակը, որը, սակայն, չի հաջողվելու, քանի որ հայտնի ճշմարտություններն ապացուցվելու կարիք չունեն, Արցախը հանձնել է Փաշինյանը, կապիտուլյացիան ստորագրել է ինքը։ Իսկ վերջում՝ չեմ կարող չխոսել ազգային հիասթափության մասին․ հերթական ժողովրդական շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդած, չհասավ իր նպատակին, թեեւ հասարակության լայն զանգվածներ աջակցեցին շարժմանը, դուրս եկան փողոց, ազգային արժեքներով ապրող քաղաքացիները հիասթափվեցին։ 25 թվական մտնում ենք ավելի անպաշտպան, ավելի մեծ մարտահրավերներով կամ սպառնալիքներով եւ որպեսզի պահենք եղածը, պետք է ուժեր գործադրել, որ այս ազգակործան պատուհասից ազատվենք, եթե ոչ, ապա 25 թվականը կդառնա կորուստների տարի, դժվար է ասել՝ պետականության փշրանքներից ինչ-որ բան կմնա՞, թե՞ ոչ։ Լավ կանխատեսումներ չունեմ, բայց կոչ եմ անում՝ ոչ թե լացել, այլ՝ պայքարել, Նիկոլի ու նրա թուրքական հովանավորների նպատակն այն է, որ մեզ պես մարդիկ հիասթափվեն եւ համակերպվեն Հայաստանը թուրքական վիլայեթ դառնալու նրա ծրագրի հետ։ Բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները և պայքարեն չարիքի հեռացման համար, հետո նոր մտածեն՝ ով կգա իշխանության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը»։

Մանրամասները՝ թերթի համարում։