Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար. «Ժողովուրդ»

101
Այսօր, 09:36
Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ազգային ժողովից, Ամանորին ընդառաջ երեխաներին սպասվելու էր մյուզիքլ-ներկայացում, նվերներ, հեքիաթային շոու, որի ընթացքում հյուր պետք է գային Ձմեռ պապն ու էլֆերը։
Սակայն դատելով լուսանկարներից, որոնք ԱԺ-ն պաշտոնապես տարածել է, պարզ է դառնում, որ ամանորյա հրաշքը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար։
ArmLur.am-ը նկատել է, որ տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սոնա Ղազարյանը և ԱԺ այլ աշխատակիցեր իրենց երեխաների հետ միասին։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը արժեցավ 90 մլն դրամ, իսկ Ազգային ժողովի կարիքների համար Ամանորին նվիրված միջոցառումը Ազգային ժողովի բակում՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով, ծառայություններով հանդերձ արժեցել է 9 մլն դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:

Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։

Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձեւավորումը եւ տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձևավորում՝ կ-աձև (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղևնու բնական ճյուղերով, խաղալիքներով և դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար և ձեւավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաև ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձևը և այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղևնու բնական ճյուղերով։
Դարպասների մոտ յուրաքանչյուր կողմից պետք է տեղադրված լինի մեկական խաղավար-էլֆ՝ երեխաներին դիմավորելու համար (ընդհանուր 2 էլֆ)։ Ամանորյա և տոնական առնվազն 10 հերոսներ (ներառյալ Ձմեռ Պապ), ովքեր կզբաղեցնեն երեխաներին 2 ժամ տեւողությամբ: Կտեղադրվեն 6 հատ 3×3 մ չափի վրաններ:

1-ին վրան – ՏՈՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, որտեղ 10 հատ դեկորատիվ, ամանորյա թեմատիկայով զարդարված զամբյուղներ կլինեն: Կտրամադրվեն լոլիփոփներ՝ կլոր 500 հատ եւ կոր ձողիկի նման՝ 500 հատ, մանդարին՝ 1000 հատ,

2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,

3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, և ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։

Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։

Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ և փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ:

Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։
Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տեւողությունը առնվազն 1 ժամ»:
Մանրակրկտորեն կազմակերպված այս միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին»»:
Մանրամասները՝ թերթի համարում: