Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է

84
Այսօր, 13:30
Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը:

Նիստին դատավորը նշեց, որ նախորդ դատական նիստերի հետաձգման պատճառը Եղիշե Հակոբյանի պաշտպան Սարգսյանի չներկայանալն էր՝ առողջական վիճակից ելնելով, և «դատարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որ այսօր ներկայանա մեկ այլ պաշտպան»: Տուժողների ծնողները վրդովվեցին անընդհատ դատական նիստերի հետաձգման համար, լարված վիճակ ստեղծվեց տուժողների և դատավորի միջև: Դատավորը հավաստիացրեց, որ նոր պաշտպան է ներգրավվել, որպեսզի դատական նիստը շարունակվի:

Վկա Ռադիկ Մարտիրոսյանի, ով այսօր պետք է հարցաքննվի, ուշացման պատճառով դատարանը ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ