Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Ասադի մասին խոսելիս՝ շրջանցում ենք մի կարևորագույն հանգամանք»․ Հակոբ Բադալյան

135
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 15:12
«Ասադի մասին խոսելիս՝ շրջանցում ենք մի կարևորագույն հանգամանք»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասադի մասին խոսելիս, մենք թերևս կամա, թե ակամա շրջանցում ենք մի կարևորագույն հանգամանք:
Եթե քո իշխանությունը հիմնված չէ հասարակական կոնսենսուսի վրա, ընդգծեմ՝ կոնսենսուսի, լեգիտիմության, այլ ոչ բացարձակ հավանության, եթե քո իշխանությունը փոքրամասնության իշխանություն է, ապա այն վաղ, թե ուշ քանդվելու է:
Քանդվելու է կամ ներսից, կամ դրսից, էական չէ, բայց քանդվելու է:
Այստեղ հարցը բռնապետ, թե ժողովրդավարը չէ, այլ հենց հանրային հենարային կառուցվածքը:
Եթե դու քո երկրի ներսում չունես այդ հենարանը, ուրեմն քո իշխանությունը պահելու ես հենց երկրի, պետության հաշվին, հետևաբար՝ արտաքին գործոնների շնորհիվ: Այլ կերպ ասած, եթե պետության մեջ իշխանությունը կառուցված չէ հանրային լայն լեգիտիմության վրա, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ այդ պետությունը վերածվում է աշխարհաքաղաքական մանրադրամի:
Մեկի դեպքում «մանրումը», կամ կոպիտ ասած՝ «խուրդվելը» տեղի կունենա տասը տարի անց, մեկի դեպքում գուցե՝ հարյուր տարի անց, բայց տեղի կունենա անխուսափելի, եթե իշխանությունը կառուցված չէ հանրային լայն լեգիտիմության վրա:
Լեգիտիմության հարցը պարզապես քարոզչական «նարատիվ» չէ: Դա չափազանց լուրջ հարց է:
Ընդ որում, իշխանության լեգիտիմություն հասկացությունը բոլորովին չի վերաբերում անձի լեգիտիմությանը, կամ վարկանիշին: Իշխանության լեգիտիմությունը ըստ էության «սկսում» է այդ իշխանության ձեւավորման պրոցեսի լեգիտիմությունից:
Լեգիտիմության խնդրի «մեկնակետը» վարկանիշի անկումը չէ, այլ իշխանության ձևավորման պրոցեսի արժեզրկումը: Երբ երկրում հանրայնորեն սկսում է գերակայել համոզում, որ չկա իշխանության ձևավորման՝ հանրային ներառականություն ենթադրող օբյեկտիվ մեխանիզմ:
Ընդ որում, այս խնդիրը վերաբերում է թերևս նաև աշխարհաքաղաքականությանը: Անկումը սկսում է այն ժամանակ, երբ քո աշխարհաքաղաքական դերը սկսում է շեղվել օբյեկտիվ հանգամանքներից, այդ թվում ուժերի օբյեկտիվ հարաբերությունից, ռեսուրսների հարաբերությունից, դեմոգրաֆիական հարաբերակցությունից, և այլն:
Այսօր, այդ խնդրի առաջ է օրինակ «հավաքական Արևմուտքը», որի համաշխարհային լեգիտիմությունը սկսում է տեսակարար կշռի իմաստով զիջել «գլոբալ Հարավին»: Ընդգծեմ, ոչ թե բացարձակ ծավալի, այլ տեսակարար կշռի, այն է՝ մեկինը արտահայտում է նվազման «կոր», մյուսինը՝ աճի:
Սրանք հարցեր են, որոնք, իմ կարծիքով, թերեւս պետք է դառնան Հայաստանի հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական խոսույթի ուշադրության առանցքային առարկան: Սակայն, դրա փոխարեն առանցքայինը շարունակում է մնալ այս կամ այն սուբյեկտի հանդեպ հիմնական զգայական, երկրպագուական վերաբերմունքի «վեճը»»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան