Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանը հավատարիմ է այն շահերին, որ ունի Հայաստանի հարցում». Հակոբ Բադալյան

55
Այսօր, 02:12
«Ռուսաստանը հավատարիմ է այն շահերին, որ ունի Հայաստանի հարցում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարությունը, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հանդեպ անվտանգային պարտավորությանը, բոլորովին նոր չէ: Մոսկվան պարբերաբար խոսել է այդ մասին:

Այստեղ հարկ է պարզել, թե արդյո՞ք Երևանն ու Մոսկվան նույն բանն են հասկանում այդ թեմայով խոսելիս: Թերևս՝ ոչ: Ընդ որում, այս խնդիրը բոլորովին նոր չէ, եթե չասենք՝ հիմնարար է:

Այն, ինչը Հայաստանի համար անվտանգության էքզիստենցիալ սպառնալիք է, Ռուսաստանի համար ռազմավարական մրցակցության աղբյուր է ու նաև ռիսկ, բայց՝ տակտիկական գործընկերության անհրաժեշտություն: Ու նաև, այստեղ չափազանց մեծ է մասշտաբի էֆեկտը, որտեղ համեստ Հայաստանը ռիսկերն ու վտանգները չափում է օրերով, ժամերով, ամիսներով կամ մաքսիմում՝ տարիներով, իսկ Ռուսաստանը՝ նվազագույնը տասնյակներով:

Սա, իհարկե, մի փոքր պայմանական, բայց ըստ էության՝ այդպես է, ու սա էլ բերում է հասկացությունների գնահատման տարբեր եզրահանգումների:

Հայ-ռուսական անվտանգային փոխհարաբերությունն այսօր գտնվում է այս իրողությունների վերագնահատման և վերափոխման փուլում, երբ կողմերը չեն դրսևորել դրանք «օրորոցում» գնահատելու բավարար ջանք, հմտություն կամ ցանկություն, և ստիպված են անելու դա արդեն որոշակիորեն պոստֆակտում և օպերատիվ-տակտիկական հրատապությամբ, երբ շատ բան արդեն անցել է բանից: Ընդ որում, անցել է երկուսի համար էլ, պարզապես դարձյալ կա մասշտաբի էֆեկտը՝ մեկը չի զգում ցավ, մյուսը՝ գալարվում է ցավից:

Ըստ այդմ, երբ Ռուսաստանը հայտարարում է, որ հավատարիմ է Հայաստանի անվտանգության հարցում պարտավորությանը, դա, ըստ էության, նշանակում է հետևյալը. Ռուսաստանը հավատարիմ է այն շահերին, որ ինքն ունի Հայաստանի հարցում, ըստ այդմ, դրանք կպաշտպանի ընդհուպ՝ ուժով: Իսկ դրանից Հայաստանը կշահի, թե ոչ, սա արդեն համարում են Հայաստանի խնդիրը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան