«Եթե Սանդուն հաղթեր մեկ ձայնի տարբերությամբ, բավարար է, որպեսզի Արևմուտքը Մոլդովային տանի վատագույն սցենարով». Հայկ Այվազյան
109
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 01:36
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայա Սանդուն, ինչպես և կանխատեսել էի, հաղթեց Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Սոցիալական ցանցերում կարդացի մեկնաբանություններ, որ Սանդուն հաղթել է վարչական ռեսուրսի, սփյուռքի ձայների և այլնի շնորհիվ։ Ասես սա ինչ-որ նորություն լիներ ընդդիմության համար։ Ձայների 55%-ը՝ 54% մասնակցությամբ, առավելագույնն է, որ Սանդուն կարողացավ քամել այս ընտրություններից։ Ես դեռ կարծիք չեմ հանդիպել, որ սա ընդդիմության ձախողումն էր։ Եթե նույնիսկ Սանդուն հաղթեր մեկ ձայնի տարբերությամբ, ապա դա բավարար է, որպեսզի Արևմուտքը Մոլդովային տանի վատագույն սցենարով: Այն ընտրողները, ովքեր առաջին փուլում դեմ են քվեարկել ԵՄ-ին անդամակցելուն և Ստոյանոգլոյի օգտին, միևնույն է, երկրորդ փուլում քվեարկելու էին ընդդիմության թեկնածուի օգտին։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է պայքարեր ընտրողների այն 46%-ի ձայների համար, ովքեր չեն մասնակցել ընտրություններին։ Ստոյանոգլոյին անհրաժեշտ էր ևս +10% ստանալ իր օգտին։ Ընդանրապես, 54% մասնակցությունը շատ ցածր էր երկրի համար նման ճակատագրական ընտրությունների համար: Որքանով ես հետևել եմ նախընտրական քարոզարշավին, Ստոյանոգլոն բավականին ստանդարտ քարոզարշավ է անցկացրել: Եվ ամենակարևորը՝ նրա հռետորաբանության մեջ գործնականում չկար աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը կար, օրինակ, Վրաստանի իշխանությունների հռետորաբանության մեջ։ Ստոյանոգլոն չառաջարկեց ընտրություն պատերազմի և խաղաղության, ինքնիշխանության և գաղութացման, ավանդական արժեքների և այլասերումների քարոզի միջև: Հետևաբար, ընտրողների 46%-ը չհասկացավ, թե ինչու պետք է գնա քվեարկության։ Բայց նրանք չհասկացան, որովհետև ոչ ոք դա նրանց չբացատրեց։ Ի դեպ, դրանով է պայմանավորված Հայաստանի բոլոր խոշոր ընդդիմադիր շարժումների ձախողումները»։