Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Վերջին երեք տասնամյակներում կաթվածով հիվանդացությունն աճել է 70%-ով»․ Արմեն Մուրադյան

138
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 17:24
«Վերջին երեք տասնամյակներում կաթվածով հիվանդացությունն աճել է 70%-ով»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 29-ը բժշկական օրացույցում նշվում է որպես կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր: 2024 թվականի այս օրվա կարգախոսն է՝ «Միասին մենք ավելի ուժեղ ենք, քան կաթվածը»: Այն ընդգծում է համախմբման և համագործակցության կարևորությունը կաթվածի կանխարգելման, բուժման և վերականգնման գործընթացում: Կարգախոսը հիշեցնում է, որ թիմային ջանքերով՝ թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների, և թե՛ հասարակության աջակցությամբ, կարելի է հաղթահարել այս ծանր առողջապահական մարտահրավերը:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում կաթվածների առաջնակի հիվանդացությունը աճել է 70%-ով, տարածվածությունը՝ 85%-ով, իսկ մահացության մակարդակը՝ 43%-ով: Ընդ որում, բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հիվանդության բեռի ավելի մեծ աճ է տեղի ունեցել:
ԱՀԿ տվյալներով՝ 2022թ. դրությամբ գլխուղեղի կաթվածը բնակչության մահվան և հաշմանդամության պատճառների կառուցվածքում երկրորդ տեղն է զբաղեցրել: Միայն 2022թ.-ին աշխարհում ուղեղի կաթվածի շուրջ 12.2 մլն. նոր դեպք է գրանցվել, շուրջ 6.6 մլն մարդ մահացել է այդ հիվանդությունից: Կաթվածի դեպքերի ավելի քան 16%-ը տեղի է ունենում 15-49 տարեկանների շրջանում, 62%՝ ՀՀ-ում 2023թ. դրությամբ ուղեղի կաթվածի տարածվածությունը (այդ թվում նաև չճշտված կաթվածի, գրանցված որպես արյունազեղում/ուղեղի ինֆարկտ) կազմել էր 218.5/100 000 բնակչի հաշվով, կամ 6537 դեպք, առաջնակի հիվանդացությունը՝ 72.7/100 000 բնակչի հաշվով կամ 2176 դեպք:
Կաթվածը՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, որն արտահայտվում է տեղային և/կամ ընդհանուր գանգուղեղային նյարդաախտահարությամբ: Տարբերում են կաթվածի երկու հիմնական տեսակ՝ հեմոռագիկ և իշեմիկ: Հեմոռագիկ կաթվածը առաջանում է ներուղեղային արյունազեղման հետևանքով: Իշեմիկ կաթվածի պատճառը, որը հանդիպում է 87% դեպքերում, զարկերակների կամ երակների խցանման (թրոմբոզի, էմբոլիայի) արդյունքում գլխուղեղի որևէ հատվածի արյունամատակարարման անբավարարությունն է կամ ընդհատումը:
Կաթվածի ախտանիշները կախված են գլխուղեղի ախտահարված հատվածից և տարածքից, որքան մեծ է ախտահարված տարածքը, այնքան ավելի շատ են ուղեղի համապատասխան հատվածների ֆունկցիաների խանգարումները:
• Հեմոռագիկ կաթվածի դեպքում առաջանում է, հիմնականում մարմնի մի կեսի շարժումների և զգացողությունների սահմանափակում, խանգարվում է խոսքը:
• Իշեմիկ կաթվածը երբեմն աստիճանաբար է դրսևորվում, սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը:
Կաթվածի մյուս ախտանշանները ներառում են՝ գիտակցության խանգարում, տեսողական խնդիրներ, գլխապտույտ, հավասարակշռության և կոորդինացիայի խանգարումներ, ուժեղ գլխացավ՝ առանց ակնհայտ պատճառի։
Սուր կաթվածի հիվանդացության և մահացության ցուցանիշներն ավելի բարձր են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնք կազմում են մահացության ընդհանուր բեռի 75%-ը: Ոչ բավարար ռեսուրսների պայմաններում ի հայտ են գալիս ինսուլտի համապատասխան խնամքի և ծառայությունների հասանելիության բազմաթիվ խոչընդոտներ, ինչպիսիք են ինսուլտի նշանների վերաբերյալ անբավարար տեղեկացվածությունը, պետական ֆինանսավորման բացակայությունը, ուղեղի սքրինինգի հնարավորության, ինսուլտի բաժանմունքների և վերականգնողական ծառայությունների բացակայությունը կամ ցածր հասանելիությունը, առողջության ապահովագրության բացակայությունը կամ մասնագետների անբավարար վերապատրաստումը:
Կաթվածից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժողական ֆունկցիաների, խոսքի, զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:
Կաթվածի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ կաթվածից հետո վերապրածներից 40%-ը չափավոր կամ ծանր խանգարումներ է ունենում, 25%՝ առողջանում է աննշան խանգարումներով, 10%-ը՝ տնային խնամքի կամ հատուկ հաստատությունում խնամքի կարիք է զգում, և ընդամենը 10%-ն է գրեթե ամբողջությամբ վերականգնվում:
Կաթվածի առավել տարածված ռիսկի գործոններն են՝
• Զարկերակային գերճնշումը․ 50%-ը կաթվածի դեպքերի կապված է արյան բարձր ճնշման հետ
• Չբալանսավորված սննդակարգ․ կաթվածի 25% դեպքերը կապված են անառողջ սնվելու հետ
• Ալկոհոլի չարաշահումը․ ամեն տարի ավելի քան 1 միլիոն կաթվածի դեպք է տեղի ունենում միայն ալկոհոլի չարաշահման պատճառով
• Ճարպակալումը
• Ծխելը
• Սթրեսը
• Շաքարային դիաբետը
• Գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը
• Գլխի կամ պարանոցի վնասվածքները
• Անոթների տարբեր հիվանդությունները։
Անկառավարելի ռիսկի գործոններից ամենակարևորը տարիքն է: 55 տարեկանից հետո ամեն 10 տարին մեկ կաթվածի վտանգը կրկնապատկվում է։ Կաթվածի դեպքերի շուրջ 80%-ը կարելի է կանխել կենսակերպի փոփոխության միջոցով։ Խորհուրդ է տրվում՝
• Ժամանակին ընդունել բժշկի կողմից նշանակված արյան ճնշումը կարգավորող դեղորայքը
• Ապրել ակտիվ ֆիզիկական կյանքով
• Նախապատվությունը տալ առողջ սննդին
• Հրաժարվել ծխախոտից, ալկոհոլի չարաշահումից
• Հսկել արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակները
• Պահպանել նորմալ քաշը
• Զարգացնել սթրեսի կառավարման, անհանգստության և դեպրեսիայի հաղթահարման ունակությունները
• Ժամանակին դիմել բժշկի
Կաթվածի առաջին իսկ ախտանիշների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի կամ շտապ օգնություն կանչել։ Պետք է հիշել․ Ժամանակը, որի ընթացքում հնարավոր է իշեմիկ կաթվածից հետո վերականգնել արյան հոսքը զարկերակներում և կանգնեցնել գլխուղեղի բջիջների մահը, «բուժական պատուհան» է, և այն կազմում է 4 ժամ: Որքան շուտ պացիենտը դիմի բժշկական օգնության, այնքան արդյունավետ կլինի բուժումը»: