Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

«Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը»․ Արմեն Մուրադյան

124
Այսօր, 13:06
«Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի զեկույցի՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում 5 տարեկանից ցածր երեխաների 8%-ը, 7-9 տարեկան երեխաների ավելի քան 30%-ը և 10-19 տարեկան երեխաների շուրջ 25%-ը ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն: Սկսած 1990 թվականից՝ 5–19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման տարածվածությունն ամբողջ աշխարհում քառապատկվել է: Այս միտումը նկատվում է ոչ միայն զարգացած երկրներում, այլև զարգացող երկրներում, որտեղ թերսնուցումը շարունակում է մնալ լուրջ խնդիր:
Գիրությունը սահմանվում է որպես ճարպի ոչ նորմալ կամ ավելորդ կուտակում, որը կարող է վնաս հասցնել առողջությանը: Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), որը հաշվարկվում է որպես քաշը կիլոգրամներով բաժանված հասակի քառակուսուն մետրերով, սովորաբար օգտագործվում է ավելորդ քաշի ու ճարպակալման ախտորոշման նպատակով: Մինչև 5 տարեկան երեխաների դեպքում ավելորդ քաշն ու ճարպակալումը սահմանվում են որպես քաշի և հասակի հարաբերություն, որը գերազանցում է ԱՀԿ աճի ստանդարտների միջնաթիբը, համապատասխանաբար, երկու և երեք ստանդարտ շեղումներով: 5–19 տարեկան երեխաների դեպքում ավելորդ քաշն ու ճարպակալումը սահմանվում են որպես ՄԶԻ-ը ըստ տարիքի, որը գերազանցում է ԱՀԿ աճի ստանդարտ ցուցանիշի միջնաթիվը,համապատասխանաբար, մեկ և երկու ստանդարտ շեղումներով:
Գիրության պատճառները բարդ են և բազմաթիվ: Բարձր ՄԶԻ-ն հաճախ կապված է այնպիսի գործոնների համադրության հետ, ինչպիսիք են՝ ֆիզիկական ակտիվության պակասը, կալորիաների ավելորդ օգտագործումը և սննդակարգի վատ որակը: Ներկայումս ազատ շաքարների, հատկապես շաքարով քաղցրացված ըմպելիքների (ՇՔԸ) և քաղցրավենիքի օգտագործումը հանդիսանում է բարձր կալորիականության հիմնական աղբյուր և նպաստում է երեխաների սննդակարգի որակի վատթարացմանը: ՇՔԸ-ն ներառում է խմիչքների լայն շրջանակ՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, հյութեր, համեմված կաթ, էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաև քաղցր թեյ և սուրճ:
Աշխարհի երկրների մեծամասնությունում երեխաների կողմից ազատ շաքարների օգտագործումը գերազանցում է նրանց օրական էներգիայի 10%-ը, ինչը բարձր է ԱՀԿ-ի առաջարկած շեմից: Վերջին 15 տարիների ընթացքում ՇՔԸ-ի օգտագործումն աճել է 21.2%-ով: 6–9 տարեկան երեխաների շուրջ քառորդը շաբաթական երեք և ավելի անգամ շաքարով քաղցրացված ըմպելիքներ է օգտագործում:
Հեղուկի տեսքով ընդունվող էներգիան սովորաբար հանգեցնում է ավելի ցածր հագեցվածության՝ համեմատած պինդ սննդի հետ, ինչի պատճառով սննդի հաջորդ ընդունման ժամանակ էներգիայի փոխհատուցումը չի լինում ամբողջական: Մանկական գիրությունը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի և երիկամային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից է: Այն նաև կապված է հոգեկան առողջության խանգարումների, այդ թվում՝ տագնապայնության և դեպրեսիայի զարգացման բարձր ռիսկի հետ:
Ճարպակալում ունեցող երեխաները մեծ հավանականությամբ կմնան գիրավուն նաև մեծահասակ տարիքում, ինչը բարձրացնում է ՈՎՀ-ների զարգացման ռիսկը: Գիրության հետ կապված ՈՎՀ-ները հանդիսանում են գլոբալ մահացության հիմնական պատճառներից մեկը: 2019 թվականին ՈՎՀ-ները պատասխանատու էին աշխարհի մահերի մոտ 75%-ի համար: Կանխատեսվում է, որ 2048 թվականին ՈՎՀ-ների պատճառով մահացության մասնաբաժինը կհասնի 86%-ի՝ տարեկան 77 միլիոն մահով:
Համաձայն ԱՀԿ 2019թ-ի զեկույցի՝ Հայաստանում գրանցված բոլոր մահերի շուրջ 93%-ը պայմանավորված է ՈՎՀ-ով: ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից որևէ մեկով պայմանավորված վաղաժամ մահվան (մինչև 70 տարեկան) հավանականությունը կազմում է 22%: Տնտեսական վնասի վերլուծությունը վկայում է, որ ՈՎՀ-ով պայմանավորված ՀՀ տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի) կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, որը հավասար է 2018թ-ին հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին:
Մանկական գիրության հետևանքները նպաստում են հիվանդությունների գլոբալ բեռի աճին և ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծում ընտանիքների, առողջապահական համակարգերի և համաշխարհային տնտեսության վրա: ԱՀԿ-ն ընդգծում է շաքարով քաղցրացված ըմպելիքների օգտագործման հետ կապված մանկական ճարպակալման հիմնախնդրի լրջությունը և կոչ է անում համալիր միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ։
ԱՀԿ հիմնական խորհուրդներից են՝
1. ՇՔԸ-ների հասանելիության և տարածվածության սահմանափակում:
ԱՀԿ-ն շաքարով քաղցրացված ըմպելիքների հարկումը համարում է հեռանկարային գործիք՝ սպառումը նվազեցնելու համար: Ներկայումս 59.1% երկրներներում այդ հարկերն արդեն գործում են:
2. Գովազդի սահմանափակում: Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը:
3. Սննդի, սննդամթերքի սպառման և հիվանդությունների դինամիկայի համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգերի զարգացման և աջակցության ապահովում:
4. Դպրոցական սննդի պատշաճ կազմակերպում։ ՇՔԸ-ների օգտագործումը դպրոցներում պետք է սահմանափակվի կամ արգելվի:
5. Առողջապահական աշխատակիցների վերապատրաստում:
Պետք է մեծացնել մասնագետների կարողությունները՝ աջակցելու գիրությամբ տառապող երեխաներին:
6. Մոնիտորինգ և գնահատում: Անհրաժեշտ է վերահսկել առողջապահական նախաձեռնությունները և խթանել միջոլորտային համագործակցությունը:
7. Հանրային իրազեկում: Կարևոր է բարձրացնել հանրության իրազեկվածությունն առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության առավելությունների մասին»:

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան