«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
61
Այսօր, 12:00
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը․ • Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով՝ առնվազն 15 րոպե։ Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։ • Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև կատաղության դեմ իմունոգլոբուլին։ Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր • Կատաղության կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո, այն գրեթե միշտ ավարտվում է մահվան ելքով։ • Կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։ • Հետևաբար, պատվաստումները ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։ Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը • Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից՝ կծելու, ճանկռելու, վնասված մաշկը կամ լորձաթաղանթները թքոտելու միջոցով։ • Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։ Հետևաբար՝ Խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։ Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության։ Կատաղություն հիվանդությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին բժշկին դիմելու և նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսը ստանալու դեպքում։ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով: Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում. -Երեխաների համար՝ Արաբկիր ԲՀ Սուրբ Աստվածամայր ԲԿ Ուիգմոր Կանանց և երեխաների հիվանդանոց Մուրացան ՀՀ ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ -Մեծահասակների համար՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Արմենիա ԲԿ Էրեբունի ԲԿ Աստղիկ ԲԿ Շենգավիթ ԲԿ «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ։ Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը»։