Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան

51
Այսօր, 15:00
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն չի բերելու խաղաղության, այլև հանգեցնելու է մի իրավիճակի, երբ պատերազմից խուսափելը կլինի անհնար։
Խաղաղության պայմանագիրն ընդամենը թղթի կտոր է լինելու, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը չցանկանա խաղաղություն։ Իսկ նրանք չեն ցանկանում, քանի որ թուրքը դարերով եկած ազգային նպատակ ունի՝ գրավել Սյունիքը և ողջ թուրքական աշխարհը միացնել միմյանց՝ ավելի հեռուն գնացող ռազմավարական նպատակներով։ Նրանք դա չեն անի միայն այն դեպքում, եթե իրենց առջև ուժ տեսնեն, որը կարող է նրանց կանգնեցնել կամ ահռելի կորուստներ պատճառել։ Այսօր այդ ուժը չկա։ Հավատացե՛ք՝ բանանով ծաղրածուին նրանք լուրջ չեն վերաբերվում։
Ու այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ արդեն մի քանի տարի է՝ հայ ժողովրդին պարուրում են կեղծ խաղաղասիրական թեզերով, զրկելով անգամ ինքնապաշտպանական բնազդից։ Նրանք մեզ այսօր հաղթում են ներսից, իսկ եթե պարտվենք ներսից, ապա արտաքին դիմադրությունը կլինի զրո։
Հայաստանը պետք է գնա խաղաղության, բայց ոչ աղերսելով։ Եվ այստեղ հարցը բնավ խնդրելուց վատ զգալու մեջ չէ, այլ այն, որ աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել։
Գիտե՞ք, թե որքան մայրեր են 1915 թվականին աղերսել թուրք դահիճներին՝ խնայել իրենց երեխաներին, բայց ոչ մեկին չեն խնայել, կոտորել են փոքրից մեծ՝ միլիոն ու կես»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան