Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Արդեն կորել է հաշիվը, թե այս կոմիտեն վերջին տարիներին քանի նախագահ է «փոխել»»․ Հակոբ Բադալյան

38
Այսօր, 14:06
«Արդեն կորել է հաշիվը, թե այս կոմիտեն վերջին տարիներին քանի նախագահ է «փոխել»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում նշանակվել է ռազմաարդյունաբերական կոմիտեի նոր նախագահ: Արդեն թերևս կորել է հաշիվը, թե այս կոմիտեն վերջին տարիներին քանի նախագահ է «փոխել»:

Նոր նախագահի մասին հաղորդագրության մեջ տպավորիչ է նրա մասնագիտական-գիտական բնութագիրը: Ռազմաարդյյունաբերական կոմիտեի նոր նախագահը մաթեմատիկոս է: Չեմ նշում անուն ազգանունը, որովհետեւ գրառումս բոլորովին անձի մասին չէ:

Նոր նախագահին բնականաբար պետք է մաղթել արդյունավետ և հաջող աշխատանք, քանի որ նրա աշխատանքային հաջողությունը լինելու է պետական հաջողություն:

Պարզապես մի բարձրաձայն հարցադրում՝ ռազմաարդյունաբերական կոմիտեն, որի ենթադրյալ նպատակը պետք է լինի ռազմական արդյունաբերության համակարգային կազմակերպումն ու զարգացումը, նախագայի պաշտոնի համար պահանջում է մաթեմատիկոս գիտնականի՞, թե՞ ավելի շատ՝ բազմափորձ և հմուտ կառավարչի հատկանիշ և առավել ևս մասնագիտացում:

Չէ՞ որ կոմիտեի նախագահի խնդիրը պետք է լինի ռազմական արդյունաբերության համակարգի կազմակերպումը, այլ կերպ ասած՝ ըստ էության արդյունաբերական մի մեծ առանձին ճյուղի կազմակերպում:

Ես որևէ կերպ չեմ բացառում, որ նորանշանակ նախագահը ունենա այդ հատկանիշները, թեկուզ չունենալով համապատասխան մասնագիտացում կառավարման կամ տնտեսության կազմակերպման ոլորտում, և հաջողի: Դա միմիայն ցանկալի և ողջունելի է:

Պարզապես, չստացվի այնպես, որ երկար ժամանակ փնտրելով կադր այդ պաշտոնի համար՝ իսկ պաշտոնը թափուր էր տևական ժամանակ, և դարձյալ կանգնելով կադրային ճգնաժամի առաջ՝ ինչպես ներկայիս կառավարող մեծամասնության պարագայում բնորոշ է գրեթե բոլոր ոլորտների առումով, նշանակվել է անձ, ելնելով նրա մասնագիտական-գիտական տպավորիչ բնութագրից՝ ավելի շուտ սոցցանցային-տեղեկատվական էֆեկտ ստանալու հաշվարկով:

Այլ դեպքում կա հավանականություն, որ նոր նշանակված նախագահը պարզապես կլինի կոմիտեի համար հերթականը, իսկ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիր ասվածը այդպես էլ կմնա ավելի շատ «կոոպերատիվ շարժմանը» բնորոշ մակարդակում:

Եվս մեկ անգամ, հաջողություն եմ մաղթում նորանշանակ նախագահին, կրկնելով, որ դա կլինի պետության հաջողությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան