Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում, եթե չվիրահատվի»․ Երեմ Սարգսյան

34
Այսօր, 15:24
«Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում, եթե չվիրահատվի»․ Երեմ Սարգսյան

«Այն հիվանդությունը, որն արձանագրված է Գագիկ Խաչատրյանի մոտ, նույնիսկ դատարանում փորձագետների հարցաքննությամբ հաստատվեց, որ կյանքին է վտանգ սպառնում, եթե վիրահատության չենթարկվի»,- ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Մենք այն ժամանակ ասում էինք, որ պետք է վիրահատություն կատարվի, որպեսզի հաշմանդամության չհանգեցնի։ Աժմ մեծ հարց է՝ կարո՞ղ են շտկել հաշմանդամությունը, թե ոչ, հիմա արդեն կյանքի խնդիր է, ամեն պահ կարող է նույնիսկ մահ առաջանալ։ Այս վիճակում է Գագիկ Խաչատրյանը։ Փորձագետն ասում է՝ նույնիսկ ժամերի, օրերի վտանգ կա»։

Փաստաբանի խոսքով, կառավարությունը, որպես Եվրոպական կոնվենցիան վավերացրած մարմին, Սահմանադրության մեջ նշում կատարած մարմին, պարտավոր է ապահովել անձի կյանքի իրավունքը։

«Եթե դու ունես պարտավորություն և թույլ չես տալիս, որ անձը մեկնի բուժման, իսկ Հայաստանում էլ հնարավորություն չունես ապահովելու, ուրեմն դու ես պատասխանատուն լինելու այս կյանքի իրավունքին։

Եթե այն ժամանակ, մենք դիմեցինք Եվրոպական դատարան և Եվրոպական դատարանը որոշեց ու դրա հիման վրա կալանքից ազատեցին Գագիկ Խաչատրյանին, այն ժամանակ էլ ասում էին՝ ոչ մի խնդիր չկա, հիվանդություն չունի, ոչինչ որ կալանքի տակ է։ Հիմա էլ ասում են՝ մի հատ էլ փորձաքննություն, մի հատ էլ փորձաքննություն։
Իրենք փորձաքննություն են նշանակում, ստանում են եզրակացություն, որ ունի վիրահատության կարիք, որը Հայաստանում հնարավոր չէ ու իրենք անտեսում են իրենց եզրակացությունը»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ եթե Խաչատրյանը չլիներ ու այս հիվանդություններով որևէ այլ անձ լիներ, վաղուց թույլ էին տվել մեկնի վիրահատություն։

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գագիկ Խաչատրյանին Հայաստանից ելքի ու վիրահատության թուլտվություն տրվի։ Մեղադրող կողմն էլ միջնորդել է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար նոր փորձաքննություն նշանակել։

Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու։