Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Թե ինչպես է ՏԻՄ-ը ոտնահարում քաղաքացիների կամարտահայտությունը»․ Օլեգ Դուլգարյան

138
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 14:12
«Թե ինչպես է ՏԻՄ-ը ոտնահարում քաղաքացիների կամարտահայտությունը»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես են տեղական ինքնակառավարման մարմինները ոտնահարում/անտեսում սեփական քաղաքացիների կամարտահայտությունը։
2024 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 16:00-ին Գոգարանի վարչական ղեկավարի նստավայրում նախաձեռնված էին հանրային քննարկումներ ՀՀ Լոռու մարզի Հարավային Հանքակուտակ հանքերևակման տեղամասի տարածքում 2025-2028 թվականների ընթացքում, ոսկու և բազմամետաղների պաշարների գնահատման երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ։
Գոգարանցիները, հավաքվելով վարչական ղեկավարի նստավայրի դիմաց, հայտարարեցին վարչական ղեկավարին և նախաձեռնողնողներին, որ որևէ հանրային քննարկումներ վերոնշյալ թեմայով իրենց պետք չեն և ցանկություն չունեն ոչինչ լսել ծրագրի վերաբերյալ։
Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, այն է, որ ստեղծվել է աղմկոտ դիսկուրս գյուղի բնակիչների և նախաձեռնողների միջև, որտեղ գյուղի բնակիչները հայտարարում էին, որ դեմ են ցանկացած լսման իրականացմանը, իսկ նախաձեռնողները առաջարկում էին լսել իրենց։
Այս իրավիճակում, գյուղացիները առաջարկեցին գյուղի վարչական ղեկավարին հայտարարել լսումները չկայացած, ինչը վարչական ղեկավարը կատարեց՝ հայտարարելով լսումները չկայացած։ Նախաձեռնողները, լսումների նկարահանումը իրականացնող տեսախցիկի առաջ, նշեցին, որ լսումները կայացել են, եղել են կողմ և դեմ մարդիկ, որի ժամանակ ես ներկա գտնվելով նույն վայրում, տեսախցիկի առաջ հակադարձեցի, որ լսումներ ըստ էության չեն եղել, մարդիկ չեն լսել ընկերությանը, և միակ պահանջը եղել է լսումների չկայանալը, իսկ կողմ և դեմի առումով, նշելով, որ միայն մեկ քաղաքացի էր կիսակատակ արտահայտություններ անում կողմ լինելու վերաբերյալ։
Այդ հարգարժան քաղաքացին, լսումների ընթացքում կիսակատակ իսկապես ասում էր՝ «թող հանք բացվի, գյուղը քոչի գնա այստեղից, մի լավ տեղ»։
Նախաձեռնողների հեռանալուց հետո վարչական ղեկավարին առաջարկ եղավ, որպեսզի լսումները չկայանալու վերաբերյալ կազմվի արձանագրություն վերջինիս կողմից։
Վարչական ղեկավարը գյուղացիների և ներկա հանրության առաջ հայտարարեց, որ ինքը գտնվում է արձակուրդում և չի կարող կազմել և վավերացնել արձանագրություն, քանի որ, ըստ էության ինքը աշխատանքի մեջ չէ։ Իսկ իրեն փոխարինողը գյուղում չէ և ներկա չի եղել այս իրադարձություններին (ըստ տեղեկությունների՝ փոխարինողը Շենավանի վարչական ղեկավարն էր)։ Այդ ժամանակ գյուղացիները, ընդառաջ գնալով, առաջարկեցին կազմել արձանագրություն լսումների չկայացման վերաբերյալ, որի տակ կստորագրեն հավաքված գյուղացիները, ինչը և տեղի ունեցավ։ Վարչական ղեկավար Վոլոդյա Հալաջյանը այդ ժամանակ ասում էր, որ ինքը ևս պատրաստ է ստորագրել այդ արձանագրության տակ, որպես գյուղի բնակիչ, սակայն կարծես չստորագրեց ։
Ես առաջարկում էի, որ արձանագրության մեջ նշվեն նաև այն պատճառները, թե ինչու էին բնակիչները դեմ, որ հանրային լսումները կայանան, սակայն վարչական ղեկավարը շատ կտրուկ մերժեց իմ առաջարկը և հրահանգեց աշխատակցին, որ արձանագրության մեջ նշվի միայն բնակիչների դեմ լինելու հանգամանքը։
Այդ լսումներից հետո ինձ տեղեկություններ հասան, որ Սպիտակի համայնքապետարան էին կանչել Գոգարան և Սարահարթ բնակավայրերի վարչական ղեկավարներին, (Գոգարանում նշանակված լսումների հաջորդ օրը լսումներ էր նշանակված նաև Սարահարթ բնակավայրում, որտեղ ևս բնակիչները թույլ չէին տվել, որ այն կայանար) և պահանջել նրանցից, որպեսզի ստորագրեն արձանագրությունների տակ, որտեղ նշվում է, որ, ըստ էության, լսումները կայացել են։ Ըստ այդ նույն տեղեկություների՝ Գոգարանի վարչական ղեկավարը ստորագրել էր, իսկ Սարահարթի վարչական ղեկավարը՝ ոչ, և Սարահարթի ՏԻՄ-ը մտադիր է կրկին հանրային լսումներ կազմակերպել։ Ես հակված էի այդ տեղեկատվությանը չհավատալ, սակայն երեկ պարզ դարձավ, որ ամեն դեպքում կազմվել է արձանագրություն, որի տակ ստորագրել է Գոգարանի վարչական ղեկավարը (Ստորև՝ բնակիչների կողմից ստորագրված արձանագրությունը և դրանից հետո, վարչական ղեկավարի կողմից ստորագրված արձանագրությունը)։
Ըստ այդ արձանագրության՝ թեև ներկայացվում է, որ գյուղի բնակիչները դեմ էին հանրային լսումների իրականացմանը, սակայն ըստ էության լսումները կայացել են վարչական ղեկավարի նստավայրի դռան առջև։
Նախ՝ անհասկանալի է, թե ինչպես է արձակուրդում գտնվող վարչական ղեկավարը ստորագրել արձանագրության տակ։ Չէ՞ որ նա գյուղացիների առջև հայտարարել էր, որ չի կարող ստորագրել/վավերացնել արձանագրությունը որպես վարչական ղեկավար, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այսինքն, ի՞նչ է ստացվում, վարչական ղեկավարը ինչու՞ է այդպես վարվել, անհասկանալի է։
Թե՞ կան այլ պատճառներ, այլ ռիսկեր, որոնք տեսանելի չեն, միգուցե պաշտոնական դիրքի չարաշահումներով պայմանավորված ճնշումներ են եղել։
Ինչևէ, որոշ ՏԻՄ-եր շարունակում են արհամահրել, ոտնահարել սեփական համայնքի բնակիչների իրավունքները, արհամահրում նրանց կամարտահայտությունը և քաղաքացիական իրավունքները՝ առաջ մղելով սեփական օրակարգը։
Առհասարակ, գործող ՇՄԱԳ օրենքում ՏԻՄ-ին վերապահված լիազորությունները նախնական գործընթացներում և հետագայում լիզենզավորված ընկերությունների հետ փոխհարաբերություններում բազմաթիվ, տարաբնույթ ռիսկեր են առաջացնում, քիչ են պարունակում քաղաքացիների/ազդակիր բնակավայրերի բնակիչների կողմից, ուղիղ ազդեցության և ժողովրդավարության երաշխավորված մեխանիզմներ, կայացվող որոշումների վրա, սակայն դա այլ և ավելի ծավալուն թեմա է։
Միանշանակ է, որ Գոգարան, Սարահարթ և Շենավան բնակավայրերի բնակիչների դիրքորոշումը թե՛ հաղթելու է և թե՛ հաշվի է առնվելու լիազոր մարմինների կողմից, իսկ ես, որպես քաղաքացի, և բազմաթիվ այլ քաղաքացիներ, մինչև վերջ լինելու ենք նրանց կողքին»։

Աղբյուրը`   Օլեգ Դուլգարյան