Չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստն արդեն բացված է եղել․ «Ականատես»
236
Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 12:06
Դիտարկման արդյունքներ Քվեարկության նախապատրաստական փուլ (07:00 -08:00) Դիտարկված 30 տեղամասերում քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։ Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խոչընդոտ չի գրանցվել: Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է ՏԸՀ նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։ Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, ՏԸՀ նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։ Արձանագրվել է երկու դեպք՝ 6/3 և 10/43 տեղամասերում, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ ժամը 07:00 նիստը արդեն իսկ բացված է եղել, ընդ որում՝ ոստիկանության մասնակցությամբ: Դիտարկվածներից տեղամասերից 17-ը գնահատվել է դժվարամատչելի՝ տեղաշարժման (հենաշարժական) խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Որոշ տեղամասերում նկատվել է կահավորման և քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր՝ հիմնականում պայմանավորված ընտրատեղամասի և/կամ քվեարկության սենյակի անհաջող ընտրությամբ: Դիտարկված ընտրատեղամասերն ընտրողների համար հիմնականում բացվել են ժամանակին: Հիշեցնում ենք, որ քաղաքացիների ահազանգերի համար գործում է https://iditord.org/elections հարթակը։