«Այդ օրը Փաշինյանն ասաց՝ եթե գողացված գումարները վերադարձվեն, էլ որտեղի՞ց են թուլափայ ստանալու թուլափայ ստացողները». Հակոբ Կարապետյան
134
Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 23:48
«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրողի ինստիտուցիոնալ հիշողությունը դաժան, բայց օգտակար բան է: Հայաստանի բոլոր չորս ղեկավարներն ունեցել են հիշարժան ելույթներ: Գործող ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի քաղաքական կարիերայում էլ դրանք քիչ չեն: Այսօր հիշել եմ 2020-ի մայիսի 8-ին խորհրդարանում նրա ունեցած ելույթը, որը խորհուրդ եմ տալիս անպայման նայել (հղումը՝ մեկնաբանությունում): Այդ օրը ԱԺ-ում տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Կառավարող ֆրակցիայի անդամ Սասուն Միքայելյանը հարձակվել էր ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի վրա՝ արձագանքելով նրա սուր ելույթին: Եվ այսպես, օրվա վերջում մոտենալով ամբիոնին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր ելույթը՝ շնորհավորելով բոլորին Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, հիշեցրեց, որ 2018-ին նույն օրը հեղափոխության դե յուրե արձանագրման օրն էր, երբ ինքն ընտրվեց վարչապետ, եւ քաղաքացիներին շնորհավորեց նաեւ դրա կապակցությամբ: Անդրադառնալով օրվա թեմային՝ վարչապետը հայտարարեց, որ դատապարտում է ցանկացած տիպի բռնություն՝ միեւնույն ժաանակ արձանագրելով, որ Էդմոն Մարուքյանը, իր բառերով, քստմնելի սադրանքի է դիմել՝ «Իմ քայլը» դաշինքի դեմ շարունակաբար հոգեբանական բռնություն կիրառելով: «Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի եւ նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից», - ասաց Փաշինյանը՝ ձեռքով ցույց տալով նիստերի դահլիճի այն հատվածը, որտեղ նստում էին «Լուսավոր Հայաստան» ֆրակցիայի պատգամավորները՝ Է. Մարուքյանի գլխավորությամբ: Վարչապետն ասաց նաև, որ խորհրդարանում այդ օրերին կատարվողի պատճառը նախկին իշխանությունների օրոք ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մեկնարկն է, որովհետեւ «եթե գողացված գումարները վերադարձվեն, էլ որտեղի՞ց են թուլափայ ստանալու թուլափայ ստացողները»: Նա կրկին շեշտեց, որ ամեն դեպքում, օրվա դեպքը իշխող ուժի եւ հեղափոխության պարտությունն է համարում: «Ես դատապարտում եմ ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, դապատարտում եմ ինձ, դատապարտում եմ մեզ. դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվը»: Ելույթի վերջում երկրի Առաջնորդը կիսվեց ուրախալի լուրով ՝ տեղեկացնելով, որ, հավանաբար, կառավարության աշխատանքի շնորհիվ էկոլոգիական վիճակը երկրում բարելավվել է եւ որպես արդյունք, կովկասյան ընձառյուծը, 1970 թվականից հետո առաջին անգամ, երեւացել է իր հայրենի Տավուշի մարզում եւ իր պապենական գյուղ Ենոքավանի տարածքում: «Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում և շատ ուրախալի իրադարձություն: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ազատագրված Շուշին, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում, բռնությունից զերծ Հայաստանում», - այսպես եզրափակեց 2020-ի մայիսի 8-ին խորհրդարանում իր ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խորհրդարանը նրա ելույթին արձագանքեց բուռն ծափահարություններով»: