Մարտակերտ քաղաքում բացվեց Արցախի առաջին Թումո տուփը
![]() Այսօր մեկնարկել է Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում՝ Թումոյի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի առաջին Թումո տուփի բացումը: Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվել են իրենց փորձառությամբ ու միասին իրականացրել մինի-նախագծեր: Ողջունելով ներկաներին՝ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին՝ վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում՝ ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին և Ստեփանակերտի Թումոն վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով և նախագծերով»: Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով: Մարի Լու Փափազյանը նշել է նաև Թումո Հայաստան նախաձեռնության առաջիկա քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև առկա կենտրոններին և կառուցվողներին կից 40 նոր Թումո տուփ»։ Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում՝ 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ: Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Թումո Հայաստան նախաձեռնությունը իրականացվում է Եմենիջյան ընտանիքի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էլի և Էլզբիեթա Աքիլյանների, ինչպես նաև մեր մյուս բարերարների նվիրատվությունների շնորհիվ։ |

Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
132Երեկ, 16:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
15216.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
15716.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
25215.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
25714.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
28904.06.2026, 19:06
