«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
91
Երեկ, 23:48
Կրթության ոլորտի ներկայացուցիչ Սուսաննա Նազարյանը գրել է. «ՈւՍՈւՑՉԻՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼՈւ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՋԱԿՑԵԼ, ԶԱՐԳԱՑՆԵԼ ԵՎ ՀԶՈՐԱՑՆԵԼ… Ուսուցչի հոգեբանական բարեկեցությունը, մասնագիտական աճը և մեթոդական աջակցությունը դպրոցական անվտանգ միջավայրի կարևոր նախապայմաններն են։ Դպրոցական անվտանգ միջավայրի մասին խոսելիս հաճախ ուշադրության կենտրոնում հայտնվում է ուսուցիչը՝ իր պարտականություններով, սխալներով, վարքագծով ու պատասխանատվությամբ։ Եվ, անշուշտ, ուսուցիչը պատասխանատու է իր մասնագիտական գործունեության, աշակերտների իրավունքների պաշտպանության և արժանապատիվ հարաբերությունների ձևավորման համար։ Սակայն մի կարևոր հարց հաճախ մնում է անպատասխան. ԻՍԿ Ո՞Վ Է ԱՋԱԿՑՈՒՄ ՈւՍՈւՑՉԻՆ… Ո՞վ է նկատում նրա հոգնածությունը, հուզական գերլարվածությունը, մասնագիտական անզորության զգացումը, երբեմն՝ դասարանում ծագող բարդ իրավիճակները կառավարելու դժվարությունը։ Ո՞վ է օգնում նրան վերականգնել ուժերը, թարմացնել մասնագիտական գործիքակազմը և գտնել նոր լուծումներ, երբ նախկինում արդյունավետ թվացող մեթոդներն այլևս չեն աշխատում։ Ուսուցչից պահանջել անսխալ աշխատանք՝ առանց նրան անհրաժեշտ պայմաններով, մասնագիտական աջակցությամբ և հոգեբանական ուղեկցությամբ ապահովելու, ԱՐԴԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՉԷ… ՈւՍՈւՑՉԻ ՀԵՂԻՆԱԿՈւԹՅՈւՆԸ խաթարելով՝ չենք կարող կառուցել ԱՆՎՏԱՆԳ ԴՊՐՈՑ… Իսկ ուսուցչին աջակցելով՝ հնարավորություն ենք ստեղծում ՊԱՇՏՊԱՆԵԼՈւ նաև ԵՐԵԽԱՅԻՆ… Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆԵԼ 1. Կանխել հուզական այրումը, ոչ թե սպասել դրա հետևանքներին Ուսուցչի աշխատանքը միայն դասավանդումը չէ։ Այն ներառում է մշտական հուզական ներգրավվածություն, վարքային դժվարությունների հաղթահարում, ծնողների հետ հաղորդակցություն, պատասխանատվություն բազմաթիվ երեխաների ուսումնառության և բարեկեցության համար։ Երբ այս ամենին գումարվում են ժամանակի պակասը, մեծ պահանջները, սահմանափակ ռեսուրսները և մասնագիտական աջակցության բացակայությունը, կարող են առաջանալ հուզական սպառում, գերլարվածություն և մասնագիտական արդյունավետության նվազում։ Ուստի անհրաժեշտ է՝ * ապահովել աշխատանքի և հանգստի ողջամիտ հավասարակշռություն * նվազեցնել ավելորդ վարչական ծանրաբեռնվածությունը * ստեղծել անվտանգ միջավայր՝ դժվարությունները բարձրաձայնելու համար * կազմակերպել հուզական ինքնակարգավորման և սթրեսի հաղթահարման գործնական դասընթացներ * ժամանակին նկատել հյուծվածության նշաններն ու առաջարկել համապատասխան աջակցություն 2. Ստեղծել մասնագիտական և մեթոդական աճի իրական հնարավորություններ Ուսուցչին պետք չէ միայն ասել՝ ինչն է սխալ։ Անհրաժեշտ է օգնել նրան հասկանալու՝ ինչու է խնդիրը ծագել և ինչ կամ ինչպես կարելի է փոխել այն։ Դասարանի կառավարումը, բարդ վարքագծի ըմբռնումը, դեռահասների հուզական կարիքներին արձագանքելը և ծնողների հետ արդյունավետ համագործակցելը շարունակական ուսումնառություն պահանջող հմտություններ են։ Դրա համար անհրաժեշտ են՝ * գործնական մեթոդական սեմինարներ * դասավանդման տարբերակված մոտեցումների ուսումնասիրություն * բարդ դեպքերի մասնագիտական քննարկումներ * գործընկերային փորձի փոխանակում * դասալսում և հետադարձ կապ՝ ոչ թե «պատժելու», այլ զարգացնելու նպատակով։ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԸ չի սկսվում քննադատությունից. այն սկսվում է խնդիրը հասկանալու և փոփոխության հնարավորությունը տեսնելու պատրաստակամությունից։ 3. Ներդնել հոգեբանական սուպերվիզիա և մասնագիտական աջակցություն Հոգեբանական սուպերվիզիան մասնագիտական գործունեության ընթացքում առաջացող բարդությունների, հուզական արձագանքների, հարաբերությունների և մասնագիտական սահմանների քննարկման կառուցվածքային գործընթաց է՝ համապատասխան պատրաստվածություն ունեցող մասնագետի ուղեկցությամբ։ Այն կարող է օգնել ուսուցչին՝ * հասկանալ իր հուզական արձագանքներն ու դրանց ազդեցությունը աշակերտների հետ հարաբերությունների վրա * վերլուծել դժվար իրավիճակներն առանց ինքնամեղադրանքի կամ ուրիշներին մեղադրելու * տարբերակել երեխայի վարքի հնարավոր պատճառներն ու սեփական մեկնաբանությունները * ճանաչել մասնագիտական հնարավորությունների սահմանները և անհրաժեշտության դեպքում դիմել այլ մասնագետների * վերականգնել մասնագիտական վստահությունն ու որոնել նոր գործելակերպեր Կարևոր է, որ սուպերվիզիան չվերածվի վերահսկողության կամ գնահատման լրացուցիչ միջոցի։ Այն պետք է իրականացվի վստահության, գաղտնիության սահմանների հստակեցման և մասնագիտական էթիկայի պահպանման պայմաններում։ Սուպերվիզիան նաև չի փոխարինում անձնական հոգեթերապիային, երբ մարդը դրա կարիքն ունի։ 4. Փոխել մոտեցումը՝ մեղադրանքից դեպի համագործակցություն Երբ դասարանում խնդիր է առաջանում, հեշտ է հարցնել՝ ո՞վ է մեղավոր… Բայց շատ ավելի արդյունավետ է հարցնել՝ ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ գործոններ նպաստեցին դրան և ի՞նչ կարող ենք անել հաջորդ անգամ։ Սա չի նշանակում անտեսել ուսուցչի սխալները կամ նվազեցնել նրա պատասխանատվությունը։ Սա նշանակում է պատասխանատվությունը համադրել անհրաժեշտ աջակցությամբ և խնդրի պատճառների համակողմանի ուսումնասիրությամբ։ Երեխայի շահերի պաշտպանությունն ու ուսուցչի մասնագիտական արժանապատվությունը ՀԱԿԱԴԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ չեն։ Դրանք կարո՛ղ են և պե՛տք է փոխլրացնեն մեկը մյուսին։ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ Առաջարկելի է յուրաքանչյուր դպրոցում ձևավորել ուսուցչի աջակցության շարունակական համակարգ, որը կներառի՝ 1. Ուսուցիչների հոգեհուզական բարեկեցության պարբերական գնահատում՝ առանց պիտակավորման։ 2. Հոգեբանի և, անհրաժեշտության դեպքում, արտաքին սուպերվիզորի հասանելիություն։ 3. Մասնագիտական համայնքներ՝ բարդ դեպքերի և մեթոդական հարցերի քննարկման համար։ 4. Կոնկրետ իրավիճակներին համապատասխան վերապատրաստումներ և գործնական խորհրդատվություն։ 5. Արդար, հարգալից և կառուցողական հետադարձ կապի մշակույթ։ 6. Ուսուցչի աշխատանքի գնահատման համակարգ, որը հաշվի կառնի ոչ միայն խնդիրները, այլև առաջընթացը, ջանքերը և մասնագիտական զարգացումը։ Այս ամենը պետք է ուղեկցվի հստակ պատասխանատվությամբ, երեխայի իրավունքների պաշտպանությամբ և բարդ իրավիճակներին ժամանակին արձագանքելու ընթացակարգերով։ Իբրև ավարտ՝ Ես համոզված եմ՝ դպրոցը չի կարող ԵՐԵԽԱՅԻ համար դառնալ վստահության, սիրո և անվտանգության տարածք, եթե այդ տարածքը ստեղծող ՈւՍՈւՑԻՉՆ ինքը զրկված է աջակցությունից, հարգանքից և մասնագիտական զարգացման հնարավորությունից։ Ուսուցիչը նույնպես մարդ է՝ իր զգացմունքներով, դժվարություններով, սահմաններով և աճելու կարիքով։ Նրանից պահանջել հոգեբանորեն առողջ միջավայր ձևավորել՝ առանց սեփական հոգեբանական բարեկեցությանը նպաստող պայմաններ ստեղծելու, ՀԱԿԱՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ Է… ԵԿԵ՛Ք ՈւՍՈւՑՉԻՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼՈւ ՓՈԽԱՐԵՆ ԱՄՐԱՊՆԴԵՆՔ ՆՐԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Քննադատությունը փոխարինենք կառուցողական հետադարձ կապով, միայնակ հաղթահարելու պահանջը՝ մասնագիտական համագործակցությամբ, իսկ հուզական այրման հետևանքների դեմ պայքարը՝ դրա կանխարգելմամբ։ Որովհետև ԱՋԱԿՑՎԱԾ ՈւՍՈւՑԻՉԸ պարտադիր չէ, որ երբեք չսխալվի, բայց նա ավելի մեծ հնարավորություն ունի ճանաչելու իր սխալը, սովորելու դրանից և հաջորդ օրը դասարան վերադառնալու՝ ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի վստահ, առավելագույն սիրով… Պաշտպանելով ՈւՍՈւՑՉԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆԸ՝ մենք պաշտպանում ենք նաև ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔԸ՝ սովորելու անվտանգ, մարդասիրական և զարգացնող միջավայրում։