Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 14-ին ֆիզիկայի մասնագետ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը զանգվածային բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում՝ կապված այդ քննության բովանդակության ու կիրառված միջոցների հետ։ Մասնավորապես, քննության մասնակից ուսուցիչները նշում են, որ քննական գործընթացն ու թեստը կազմված են եղել այնպես, որ ոչ միայն չեն արտացոլել դպրոցական ծրագրի իրական պահանջները, այլև բացահայտորեն հակասել են հրապարակված ուղեցույցին և քննության անցկացման պայմաններին։ Ատեստավորման քննությանը մասնակցած ուսուցիչները ներկայացրել են հետևյալ խնդիրները․ 1․ Ուղեցույցին կոպիտ անհամապատասխանություն 2․ Առաջարկված գրականության անտեսում 3․ Ժամանակի անհամաչափ և անիրատեսական բաշխում 4․ Ընտրովի պատասխանների փնջային կառուցվածք 5․ Քննական կայքի տեխնիկական թերություններ և խափանումներ Ըստ մասնակից ուսուցիչների հաղորդած տվյալների՝ ամբողջ քննասենյակից անցողիկ շեմը հաղթահարել է ընդամենը մեկ ֆիզիկայի ուսուցիչ, իսկ նախորդ տարիներին 90% և ավելի բարձր արդյունք գրանցած փորձառու և կայացած մասնագետները հավաքել են ընդամենը 57%։ Այս փաստերն, ըստ մասնակից ուսուցիչների, ապացուցում են, որ խնդիրը ոչ թե ուսուցիչների գիտելիքների պակասն է, այլ թեստի կազմման անարդար մեթոդաբանությունն ու տեխնիկական անպատրաստվածությունը։ Ըստ այդմ, ֆիզիկա առարկայի մասնագետ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննության մասնակիցները պահանջում են ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով, անցկացնել 14.11.2026թ. ֆիզիկայի թեստի համապատասխանության փորձաքննություն՝ համադրելով այն հաստատված ուղեցույցի և տրամադրված գրականության հետ, հաշվի առնել կայքի տեխնիկական խափանումների պատճառած վնասը և վերանայել գնահատման արդյունքները՝ վերականգնելով արդարությունը ուսուցիչների նկատմամբ։ Արձագանքելով մեզ դիմած ֆիզիկայի մասնագետ ուսուցիչների այս դժգոհությանը՝ «Արարատյան պետություն» կրթական ՀԿ-ի կողմից պաշտոնական գրություն եմ ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետևյալ հարցադրումներով․ 1․ Արդյո՞ք տեղյակ է նախարարությունը ուսուցիչների վերոբերյալ դժգոհությանը և պահանջից։ 2․ Արդյո՞ք նախարարությունը կիսում է ուսուցիչների մտահոգությունները և ինչպե՞ս է գնահատում ֆիզիկա առարկայի մասնագետ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննության որակը։ 3․ Ի՞նչ քայլեր է նախատեսում նախարարությունը բարձրաձայնված խնդրի առումով։ Նախարարության արձագանքին և ուսուցիչների հետ կապված հետագա գործողություններին կանդրադառնամ առաջիկա օրերին»։