Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Սլովակիայում ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ Ֆիցոյի վարած քաղաքականության

50
Այսօր, 11:13
Սլովակիայում ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ Ֆիցոյի վարած քաղաքականության

Սլովակիայի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության քաղաքականության։ Ցուցարարների դժգոհության պատճառներից են Կրեմլի հետ կառավարության կապերն ու լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության խստացումը։ Միայն մայրաքաղաք Բրատիսլավայում, կազմակերպիչների տվյալներով, փողոց է դուրս եկել շուրջ 25 հազար մարդ։ Ցույցերը տեղի են ունեցել 1989 թվականի «Թավշյա հեղափոխության» տարելիցին, որը հանգեցրել էր Չեխոսլովակիայում կոմունիստական ​​վարչակարգի փլուզմանը, ինչպես նաև երկրի հետագա բաժանմանը երկու անկախ պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի։

Նշվում է, որ որոշ պաստառների վրա գրված են եղել «Ռուսնե՛ր, տուն գնացեք» և «Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղից ստիպված կլինեմ փախչել» կարգախոսները։ Ցուցարարների մի մասն AFP-ին հայտնել է, որ դժգոհ է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցից։

AFP-ի հաղորդմամբ՝ Ֆիցոյի գլխավորած իշխող կոալիցիան վերջերս կորցրել է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը՝ մի շարք պատգամավորների՝ կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո։