«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
39
Այսօր, 13:18
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի «Մահը վիճակագրություն չսարքել» վերտառությամբ նյութը, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ ««Մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնների մահը՝ վիճակագրություն»։ Սա դասականի հայտնի ձևակերպումն է։ Այդ ձևակերպման գռեհիկ դրսևորումներին ենք ականատես դառնում Հայաստանում։ Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի այն դարձնի սովորական լրահոսի մաս և խուսափի պատասխանատվությունից։ Ամեն ինչ սկսվեց կորոնավարակի տարածման օրերից։ Հետո եկան պատերազմի օրերը։ 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թիվ մինչև այժմ չի ներկայացվել։ Տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հնչեցնում։ Չկա հստակություն, չկա զոհերի անուն-ազգանունների ամբողջական ցուցակ։ Զոհերի քանակի մասին խոսում են պլյուս-մինուսով։ Սրանց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Սրանք մահաբեր իշխանություններ են։ Այսպես կոչված խաղաղության դարաշրջանում զինվորների սպանության և ինքնասպանության դեպքերը դարձել են սովորական երևույթներ։ Ավելի ճիշտ՝ հանրությանը փորձում են ընտելացնել այդ մահերին, որպեսզի ամեն ինչ շատ նորմալ և սովորական դառնա։ Պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանին հարց են տալիս կոնկրետ մահվան դեպքի կապակցությամբ, իսկ ինքը պատասխանում է վիճակագրական տվյալներով, բերում մահվան թվեր, զարմանում, որ իրեն են համարում պատասխանատու։ Նա փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ բանակային սպանություններն ու ինքնասպանությունները հիմնավորում է․․․ խաղաղությամբ։ Ասում է՝ զինվորներն «արխային» են ընկնում ու․․․ սպանվում/ինքնասպանվում։ Օրերս կալանավայրում մահացավ Ստեփանավանի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա ապօրինաբար կալանավորվել էր ընտրություններից առաջ։ Արդարադատության նախարար աշխատող Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ողբերգական այդ դեպքին, կրկին դիմում է վիճակագրության օգնությանը՝ փորձելով հիմնավորել, որ ամեն ինչ կարգին է։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ «թավշյա» իշխանության ընդդիմախոսը հայտնվում է բանտում և այնտեղ մահանում։ «Ժողովրդավարության բաստիոնում» կյանքը դառնում է թանկ և վտանգավոր, իսկ մահը՝ վիճակագրություն։ Երբ մահը դառնում է վիճակագրություն, հասարակությունը վերածվում է բիոզանգվածի՝ առանց անցյալի հիշողության ու առանց ապագային միտված համատեղ ջանքերի։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի Հայաստանում մահը դառնա սովորական երևույթ, առավելևս՝ նորմալ երևույթ։ Մահը վիճակագրություն չէ։ Ամեն մահի հետևում մարդն է՝ իր տիեզերքով, իր տեսակով, իր միջավայրով։ Մարդը վիճակագրության տարր չէ։ Արսեն Գևորգյանի մահը ոչ թե Գալյանի վիճակագրության նյութ է, այլ կոնկրետ քաղաքական սպանություն։ Այո՛, սպանություն։ Խոսքն ուղիղ սպանության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ գործադիր իշխանության անօրինական հրահանգով դատական իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, և ունենում ենք մահվան դեպք։ Արսենը կմահանա՞ր, եթե քաղաքական դրդապատճառներով չկալանավորվեր և վատ պայմաններում չպահվեր։ Հարցը հռետորական է։ Կալանավայրում գտնվող մարդը տարատեսակ հեգաբանական ճնշումների է ենթարկվում։ Այդ ճնշումները բազմապատկվում են, երբ մարդը 100 տոկոսով ապօրինի է կալանավորվում։ Մեկի սիրտը դիմանում է, մյուսինը՝ ոչ։ Ու սա վիճակագրություն չէ։ Սա մարդկային ճակատագիր է, երկրի ճակատագիր է։ Տե՛ր կանգնեք այդ ճակատագրին, որպեսզի ապրելն ու արարելը դառնան նորմա և մահը չոր վիճակագրության չվերածվի»»։