Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Փոխանակ պատասխանելու բարձրացված հարցերին՝ նախընտրում եք անձնական թիրախավորման ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան

38
Այսօր, 14:00
«Փոխանակ պատասխանելու բարձրացված հարցերին՝ նախընտրում եք անձնական թիրախավորման ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հերթական հանձնարարությունն է ստացել անդրադառնալու իմ համեստ անձին՝ այս անգամ շահարկելով հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունը։
Տիկի՛ն, կարծում եմ՝ հասկանալի է, որ Երևանի հետ կապված խնդիրների մեր հետևողական բարձրաձայնումը՝ սկսած քաղաքային կառավարման ձախողումից մինչև խցանումներ, շինթույլտվությունների տրամադրում և բազմաթիվ այլ խնդիրներ, ակնհայտորեն անհանգստացրել է քաղաքապետին և, ըստ ամենայնի, նաև Ձեզ։
Փոխանակ պատասխանելու բարձրացված հարցերին՝ Դուք նախընտրում եք անձնական թիրախավորման ճանապարհը։
Ավելին, եթե հանրության, այդ թվում՝ մեր կողմից չլիներ այս հարցի շուրջ կոշտ քննադատությունը, դժվար թե ստիպված լինեիք նման քայլեր ձեռնարկել։
Եվ խոսքը ամենևին միայն Ալբերտ Հովհաննիսյանի դիմանկարի մասին չէ։ Երևանի տարբեր հատվածներից հեռացվել են նաև այլ հերոսների պատկերներ։
Այս մասին ասելիք, արդարացում ունե՞ք:
Այնպես որ, մի՛ փորձեք այս ամենը ներկայացնել որպես մեկ նկարի շուրջ առաջացած թյուրիմացություն և դրանով արդարացնել կատարվածը։
-Հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում: Մեզ համար անընդունելի է ցանկացած փորձ՝ մեր հիշողությունից ջնջելու Արցախը, Արցախյան ազատամարտը և մեր անմահ հերոսներին։
Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե հոգեկան ինչ ապրումներ եք առաջացնում հերոսների ծնողների մոտ, երբ վերջիններս ականատես են լինում նկարների հեռացմանը:
-Եվ այս ամենից հետո դուք բարոյական իրավունք ունե՞ք այս թեմայով որևէ բառ արտաբերելու:
Ակնհայտ է, որ այսպիսի պղծության փորձերը ոչ թե զուտ պատահականություն են, այլ հստակ պետական քաղաքականություն:
-Մենք շարունակելու ենք հետևողականորեն բարձրաձայնել և պայքարել այն ամենի դեմ, ինչն անթույլատրելի ենք համարում։ Շարունակելու ենք պաշտպանել մեր հերոսների հիշատակը և խոսել Երևանի խնդիրների մասին՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում։
Իսկ նման արձագանքներով Դուք միայն ավելի եք մոտիվացնում մեզ շարունակելու մեր աշխատանքը։
Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հերոսները ոչ միայն չմոռացվեն, այլև նրանց սխրանքների պատմությունները տեղ գտնեն դպրոցական դասագրքերում, իսկ երեխաները դպրոցներում դաստիարակվեն նրանց օրինակով։
Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով, որոնք այնքան շատ են, որ դրանց լուծումները գտնելու համար քնելու ժամանակ անգամ չպետք է ունենաք, ուր մնաց՝ ֆեյսբուքում գրառումներ անելու»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան