Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել

98
Այսօր, 14:49
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել

1Password գաղտնաբառերի կառավարիչը հայտնել է, որ ենթարկվել է հաքերային հարձակման։

Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 19-ին 1Password-ը հայտնաբերել է, որ հաքերը հասանելիություն է ստացել աշխատակիցներից մեկի՝ GitHub-ի կորպորատիվ հաշվին. Հաքերն օգտագործել է այդ հաշիվը՝ ելակետային կոդին (source code) հասանելիություն ստանալու և սերվերային ծառայություններում վնասակար կոդ ներդնելու համար։

«Հաքերը հասանելիություն է ստացել մեր սերվերային համակարգերից մի քանիսին և պատճենել հաճախորդների հաշիվների վերաբերյալ սահմանափակ քանակությամբ տեղեկատվություն, ներառյալ անուններն ու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք հաճախորդներն օգտագործում են 1Password մուտք գործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պահոցում առկա հաճախորդների տվյալները, դրանցում պահվող գաղտնաբառերն ու գաղտնագրման բանալիները չեն տուժել։ Ընկերությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվել խնդրի մեկուսացման ուղղությամբ, և մեկնարկել է ներքին հաշվառման տվյալների թարմացման գործընթաց։